Опубликовано H.Andreasyan -
18-27 տարեկան իգական սեռի քաղաքացիները կամավոր զինծառայության կանցնեն

18-27 տարեկան իգական սեռի քաղաքացիները կամավոր զինծառայության կանցնեն

Իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ կներդրվի: Այս մասին հայտարարել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ արտահերթ նիստին:

Պապիկյանի խոսքով՝ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 6 ամիս, դիմում կարող են ներկայացնել 18-27 տարեկան իգական սեռի քաղաքացիները:

Դիմում ներկայացնելու ժամկետներ են սահմանվում մինչև համապատասխան տարվա մարտի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը։ Դիմողներն իրավունք են ունենալու մինչև զորակոչվելու օրը հրաժարվելու պարտադիր զինվորական ծառայությունից:

Զորակոչված իգական սեռի զինծառայողներն առանց վիճակահանության նշանակվում են ուսումնական զորամաս, և ծառայությունը կազմակերպվում է բացառապես այդ զորամասում: Այդ նպատակով ընթացքի մեջ է առանձին զորամասի տեսքով կանանց գումարտակի ձևավորման գործընթացը։

Նախարարը հավելել է, որ վարչակազմում ընդգրկվելու են պայմանագրային զինծառայության մեջ գտնվող կանայք:

6-ամսյա ժամկետը լրանալու կամ մինչև լրանալն առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում իգական սեռի զինծառայողները ստանալու են պատվովճար: 6 ամիսը լրիվ ծառայելու պարագայում նրանք կստանան 1 միլիոն դրամ պատվովճար, իսկ վաղաժամկետ զորացրվելու դեպքում նշված գումարը 6 ամսվա կբաժանվի և կբազմապատկվի փաստացի ծառայած ամիսների թվով:

Իգական սեռի ներկայացուցիչներին 6-ամսյա ժամկետը լրանալուց հետո իրավունք կտրվի դիմելու 5 տարվա պայմանագրային ծառայության: Զորացրվածները կհաշվառվեն պահեստազորում, ենթակա կլինեն վարժական հավաքների և զորահավաքային զորակոչի:

 

Добавить комментарий