DETQ

Պուտինը պնդել է, որ զինված ապստամբությունն այնուամենայնիվ կճնշվեր

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է՝ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության բարձրացրած ապստամբությունն այնուամենայնիվ կճնշվեր։ Ըստ «Դետք»-ի՝ ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Պուտինն այս մասին ասել է երկրի բնակչությանն ուղղված տեսաուղերձում։ 

Պուտինի համոզմամբ՝ Ռուսաստանի թշնամիները՝ Արևմուտքը և Ուկրաինայի իշխանությունները, ցանկանում էին, որ ռուս զինվորները միմյանց կրակեն, Ռուսաստանը պարտվի, իսկ հանրությունը պառակտվի։

«Ապստամբության կազմակերպիչները, դավաճանելով իրենց երկիրը, իրենց ժողովրդին, դավաճանեցին նրանց, ում ներքաշել են հանցագործության մեջ, մոլորեցրել են նրանց, հրել են կրակի մեջ»,- կարծում է նա։

Ռուսաստանի առաջնորդը միևնույն ժամանակ շնորհակալություն է հայտնել երկրի իրավապահ մարմիններին՝ ապստամբությունը կանխելու, հանրությանը՝ աջակցության և ցուցաբերած հայրենասիրության համար։

#Դետքի_հետագծով

«Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության կողմից մեկօրյա ապստամբության խաղաղ ճանապարհով հանգուցալուծումից հետո Ռուսաստանի նախագահն առաջին անգամ դիմել է երկրի բնակչությանը։ Քանի որ ապստամբության հետևանքով զգալի վնաս է կրել երկրի և անձամբ նախագահի հեղինակությունը, Պուտինը բնակչությանը փորձում է բացատրել, որ ցանկացած պարագայում իշխանությունները կարող էին ճնշել Պրիգոժինի ապստամբությունը, սակայն նախընտրել են խաղաղ ճանապարհը։

Добавить комментарий