DETQ

Ուկրաինական ուժերը հակահարձակման ընթացքում հարավում ազատագրել են 130 քառակուսի կմ տարածք. Աննա Մալյար

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտարարել է, որ ուկրաինական զինված ուժերն իրենց հակահարձակման ընթացքում հարավային ուղղությամբ ազատագրել են մոտավորապես 130 քառակուսի կմ տարածք։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Մալյարը գրառում է կատարել իր տելեգրամյան ալիքում։ 

Աննա Մալյարը հայտնել է, որ ներկայումս Մելիտոպոլի և Բերդյանսկի ուղղություններում ուկրաինացիների գրոհը շարունակվում է։ Նրա խոսքով՝ ուկրաինական ուժերը շաբաթվա ընթացքում իրականացրել են ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական գործողություններ և ունեցել մարտավարական հաջողություններ։

Ուկրաինացի պաշտոնյան հայտնել է, որ ռուսական զորքերը հարձակում են իրականացրել Լիմանսկի, Բախմուտսկի, Ավդեևսկի և Մարինսկի ուղղություններով, այժմ այնտեղ շարունակվում են ծանր մարտերը։ «Անցած շաբաթվա ընթացքում այս շրջաններում տեղի է ունեցել շուրջ 250 բախում։ Հակառակորդը փորձել է դուրս մղել մեր զորքերին իրենց դիրքերից, սակայն դա նրան չի հաջողվել»,- նշել է նա։

Ուկրաինայի պաշտպանույան փոխնախարարը ասել է, որ ուկրաինական զորքերը արևելքում անցած շաբաթվա վերջին սկսել են հակահարձակողական գործողություններ իրականացնել Օրեխովո-Վասիլովկայի, Բախմուտի, Բոգդանովկայի, Յագոդնոյեի, Կլեշչևկայի և Կուրդյումովկայի շրջաններում։ Նա հայտնել է, որ այժմ ուկրինական կողմը յուրաքանչուր ուղղությունում ունի 1-ից 2 կմ առաջախաղացում, և աժմ զորքերը ֆիքսված են ձեռք բերված գծերի վրա՝ շարունակելով ոչնչացնել թշնամուն։

Մալյարը հավելել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում հարավային ճակատում իրավիճակն էապես չի փոխվել, Ուկրաինայի պաշտպանության ուժերը շարունակել են հարձակողական գործողությունները Մելիտոպոլի և Բերդյանսկի ուղղություններում։

#Դետքի_հետագծով

Ուկրաինական ուժերը վերջին շաբաթներին ճակատի երկայնքով հակահարձակողական գործողություններ են իրականացնում, սակայն ի տարբերություն իրենց նախորդ հակահարձակման, երբ հաջողվել էր վերականգնել վերահսկողությունը Խարկովի ամբողջ շրջանը, այս անգամ դեռևս զգալի հաջողություններ չեն արձանագրել։ Սա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ այս հակահարձումն անսպասելի չի եղել, իսկ ռուսական ուժերին հաջողվել է ամրանալ իրենց զբաղեցրած բնագծերում։
 

Добавить комментарий