DETQ

Իրանը և Կատարը երկկողմ փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորություններ ունեն․ Ռայիսի

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ ալ Թանիի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։ 

Ռայիսին շեշտել է, որ Իրանը և Կատարը լավ հնարավորություններ ունեն միմյանց հետ երկկողմ, տարածաշրջանային և միջազգային համագործակցությունն ընդլայնելու համար։ Նա նշել է, որ Իրանը մշտապես կարևորել է Կատարի հետ հարաբերությունների մակարդակի բարձրացումն ու համագործակցության ընդլայնումը։

Իրանի նախագահը միևնույն ժամանակ շնորհակալություն է հայտնել Կատարի էմիրին և վարչապետին՝ Իրանի համատեղ ծրագրերն ու պայմանավորվածությունները խթանելուն ուղղված ջանքերի համար։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Իրանը երկկողմ փոխգործակցության զարգացումը դիտարկում է որպես տարածաշրջանային և միջազգային համագործակցությունն ամրապնդելու միջոց։

«Հաշվի առնելով այն դրական քննարկումներն ու խորհրդակցությունները, որոնք անցկացվել են հարաբերությունների զարգացման ուղղությամբ, մենք պատրաստ ենք մոտ ապագայում տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողով հրավիրել»,- հայտարարել է նա։

#Դետքի_հետագծով

Իրանի և Կատարի հարաբերություններն Արևմտյան Ասիայի տարածաշրջանի կայուն և բարեկամական հարաբերություններից են, որոնք ավելի քիչ վերելքներ ու վայրէջքներ են ունեցել։ Երկկողմ հարաբերությունների խաղաղ և բարեկամական բնույթը պայմանավորված է միմյանց դրական ըմբռնմամբ և արտաքին քաղաքականության մեջ երկրների հավասարակշռված վարքագծով:
 

Добавить комментарий