Իրանի ԳՇ պետը և ՌԴ Պնախարարը քննարկել են պաշտպանական փոխգործակցության հարցեր
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ռուսաստանի և Իրանի միջև երկկողմ պաշտպանական փոխգործակցության ամրապնդման հարցերը՝ ընդգծելով դրանց կարևորությունը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարն Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին տեղեկություններ է հաղորդել իր երկրում տեղի ունեցած վերջին զարգացումների վերաբերյալ։ Բաղերին ընդգծել է, որ իրանական կողմն աջակցում է Ռուսաստանում կայունության հաստատմանը և կողմնակից է բոլոր տարաձայնությունները բանակցությունների միջոցով լուծելուն։
Հեռախոսազրույցի ավարտին Բաղերին Սերգեյ Շոյգուին հրավիրել է այցելել Իրան։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունն ունեն բազմաթիվ ընդհանուր շահեր, ինչը նպաստում է, որ երկու երկրները մշտապես ընդլայնեն իրենց համագործակցությունը։ Ռուս-իրանական փոխգործակցության կարևոր ուղղություն է նաև պաշտպանական ոլորտը, որտեղ վերջին տարիներին երկու երկրներն էլ ավելի են խորացնում իրենց հարաբերությունները՝ դրանով առաջացնելով արևմտյան պետությունների դժգոհությունը։
Добавить комментарий