«Արցախի հարցում ես մնում եմ վճռական». Էմանուել Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսել կատարած եռօրյա այցի ընթացքում հանդիպել է Մարսելի տարբեր ազդեցիկ շրջանակների հետ, որոնց անձամբ է հրավիրել։ Այս մասին հայտնել է ՀՅԴ մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը պատասխանելով իրեն ուղղված այն կոչին, որ հայերը Ֆրանսիայից ակնկալում են գործնական աջակցություն և ոչ միայն բարոյական, Մակրոնն ասել է․ «Ալիևի վրա ես ավելի շատ ճնշում եմ գործադրել և ավելի շատ ճնշում եմ գործադրելու, քան ինքը՝ Փաշինյանը։ Հարցը Փաշինյանն է, Արցախի հարցում ես միակն եմ, որ հստակ դիրքորոշում և ուղերձ ունեմ»։
Դեռևս անցած շաբաթ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ արեց ակտիվացնել Հայաստանին զենքի մատակարարումը և Սյունիքի մարզում բացել Ֆրանսիայի հյուպատոսություն։
Գաղտնիք չէ, որ Ֆրանսիան օժանդակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող ու դրանից բխող հարցերի կարգավորմանը։ Բայց եթե անդրադառնանք գործնական քայլերին, ապա մեզ ոչինչ չի հուսադրի։ Պատերազմի ընթացքում և դրանից հետո ստեղծված անկայունության պայմաններում Ֆրանսիան միայն աջակցության խոսքեր է հնչեցրել ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր։ Սակայն Ադրբեջանին զսպող որևէ մեխանիզմ չի կիրառվել հօգուտ Հայաստանի և Արցախի։
Որքան էլ Ֆրանսիան կամ այլ դաշնակիցներ աջակցություն հայտնեն Հայաստանին, պետք է հիշել, որ ծանր ժամանակաշրջանում դաշնակիցների զորքերն օգնության չհասնելու կամ էլ հապաղելու սովորություն ունեն։
Մենք պետք է ապավինենք սեփական ուժերին, անվտանգության ապահովման մեր՝ հայկական կառույցներին:
Добавить комментарий