Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Իրանի ոստիկանության և ՌԴ ազգային գվարդիայի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Իրանի Իսլամական Հանրապետության ոստիկանության գլխավոր հրամանատար Ահմադ Ռեզա Ռադանը Ռուսաստանի Դաշնության ազգային գվարդիայի հրամանատար Վիկտոր Զոլոտովի հետ Մոսկվայում բանակցություններ է վարել, որոնց արդյունքում Իրանի ոստիկանության և Ռուսաստանի ազգային գվարդիայի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Pars Today» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ հուշագրի առանցքային կետերից են անվտանգության և իրավապահ մարմինների համագործակցության զարգացումն ու ընդլայնումը և անապահովություն ստեղծող գործոնների դեմ պայքարում փորձի փոխանակումը:

Բացի դրանից՝ Ահմադ Ռեզա Ռադանը Մոսկվա կատարած այցի շրջանակում այցելել է Մոսկվայի ազգային գվարդիայի թանգարանի տարբեր բաժիններ։

Վերջինս միևնույն ժամանակ հանդիպել է նաև ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են ընդլայնել երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, զենք ու զինամթերքի մաքսանենգության և այլն։

#Դետքի_հետագծով

Վերջին տարիներին Ռուսաստանի Դաշնությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը մի շարք ոլորտներում խորացնում են երկկողմ փոխգործակցությունը։ Հատկապես ռուս-ուկրաինական պատերազմից հետո տեղի ունեցած զարգացումներով պայմանավորված՝ երկու երկրները սկսել են կարևորել նաև ուժային կառույցների միջև համագործակցության ամրապնդումը, որի ուղղությամբ հստակ քայլեր են ձեռնարկվում։

Добавить комментарий