Իրանը մտադիր է հեռահար շառավիղ ունեցող ռազմական սարքավորում արտադրել
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար Ալիռեզա Սաբահի-Ֆարդը հայտարարել է, որ երկիրը մտադիր է առաջիկայում գործողության հեռահար շառավիղ ունեցող ռազմական սարքավորում արտադրել:
Ըստ «Դետք»-ի` այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը:
Ֆարդը հայտնել է, որ Իրանի իշխանությունները դիմագրավում են երկրի առջև ծառացած բոլոր սպառնալիքներին: «Ենթադրյալ սպառնալիքների և հնարավոր խնդիրների հետ կապված՝ այս տարի օրակարգում է ժամանակակից ռադարների, հրթիռների և մեծ հեռահարության անօդաչուների արտադրությունը»,- ասել է նա։
Իրանցի բարձրաստիճան զինվորականը հայտնել է, որ օդային սահմանների ներկայիս լիարժեք վերահսկողությունը վկայում է մանրակրկիտ մշտադիտարկման մասին։ Նա այս համատեքստում կարևորել է Իրանի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների միջև փոխգործակցության ամրապնդումը:
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետությունը մեծ նշանակություն է տալիս սեփական զինված ուժերի բոլոր ստորաբաժանումների մարտունակության բարձրացմանը։ Այս համատեքստում իրանական կողմը մեծ ուշադրություն է դարձնում սեփական արտադրության սպառազինության մշակմանը և այլ երկրներից ունեցած կախվածության նվազեցմանը։
Добавить комментарий