
Իսրայելն Ուկրաինային «Երկաթե գմբեթ» համակարգ չի փոխանցում, որպեսզի այն չհայտնվի Իրանի ձեռքում
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկիրը «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը և այլ սպառազինություն չի փոխանցում Ուկրաինային՝ մտավախություն ունենալով, որ դրանք բաժին կընկնեն Իրանին։ Ըստ «Դետք»-ի` այս մասին Նեթանյահուն ասել է «The Wall Street Journal» պարբերականին տված հարցազրույցում:
«Կարծում եմ՝ կարևոր է հասկանալ, որ մեզ նաև մտահոգում է հավանականությունը, որ եթե մենք համակարգերը փոխանցենք Ուկրաինային, դրանք կարող են հայտնվել Իրանի ձեռքում»,- ասել է նա։
Նեթանյահուն նշել է, որ Իրանը կարող է ձեռք բերած իսրայելական զենքն օգտագործել հենց հրեական պետության դեմ։ Նրա խոսքով` եթե այդ համակարգն ընկնի Իրանի ձեռքը, ապա միլիոնավոր իսրայելցիներ անպաշտպան կմնան և վտանգի տակ կհայտնվեն։
«Իսրայելը խիտ բնակեցված երկիր է։ Մեր կողմից զոհերի թիվն այդքան փոքր է մի պատճառով՝ «Երկաթե գմբեթը» խոցում է հրթիռների 95%-ը, որոնք կարող էին հարվածել մեր բնակավայրերին»,- ասել է նա։
Նշենք, որ «Երկաթե գմբեթ» հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգը, որ ստեղծել է իսրայելական «Rafael» պաշտպանական ընկերությունը՝ ամերիկյան «Raytheon»-ի հետ համագործակցությամբ, փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման ամենաարդյունավետ միջոցներից է։
#Դետքի_հետագծով
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Իսրայելը բավականին զգուշավոր քաղաքականություն է վարում` փորձելով չվնասել իր հարաբերություններն ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ արևմտյան երկրների հետ: Այս քաղաքականությունից ելնելով՝ Իսրայելը տարբեր պատճառներով հրաժարվում է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուց, ինչն առաջացնում է այդ երկրի դժգոհությունը:
Добавить комментарий