Պետությունը լուրջ խոչընդոտներ է ստեղծում անվտանգության և ժողովրդավարական բաղադրիչներում․ Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորում
Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետության կողմից զրկվել է առաջին անգամ զենք ձեռք բերելու, ինքնապաշտպանության, կրթվելու, որսի իրավունքից և մշակութային գործոնից։ Պետությունը լուրջ խոչընդոտներ է ստեղծում անվտանգության և ժողովրդավարական բաղադրիչներում։ Այս մասին հայտարարություն է տարածել Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորումը։
Հայտարարության մեջ մասնավորապես նշված է․ «Ինչպես հայտնի է, վերջերս ընդունվել և ուժի մեջ է մտել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքը, որը, չնայած իր դրական լուծումներին, խնդիրներ է առաջացրել առաջին անգամ զենք ձեռք բերող քաղաքացիների համար։
Մասնավորապես, առաջին անգամ զենք ձեռք բերող քաղաքացիները պետք է հանձնեն տեսական և գործնական քննություններ, որոնց կազմակերպումը պետք է ապահովեին ռազմամարզական կազմակերպությունները։ Քանի որ «Ռազմամարզական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը հանվել է շրջանառությունից, նշված կազմակերպությունները զրկվել են որպես իրավունքի սուբյեկտ համապատասխան իրավական կարգավիճակ ձեռք բերելու հնարավորությունից: Այս ամենի արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ քաղաքացիները չեն կարող հանձնել առաջին անգամ զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ քննությունները, որովհետև քննություն ընդունող իրավական մարմինները գոյություն չունեն։ Հետևաբար, քաղաքացին չունի քննություն տալու հնարավորություն և զրկվել է առաջին անգամ զենք ձեռք բերելու իրավունքից, ինչով փաստացի խիստ սահմանափակվել է զենքի շրջանառությունը։
Հաշվի առնելով վերը հիշատակվածը` մենք` «Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչներս, հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետության կողմից զրկվել է առաջին անգամ զենք ձեռք բերելու, ինքնապաշտպանության, կրթվելու, որսի իրավունքից և մշակութային գործոնից։ Պետությունը լուրջ խոչընդոտներ է ստեղծում անվտանգության և ժողովրդավարական բաղադրիչներում։
Կոչ ենք անում (ՀՀ կառավարություն, ՀՀ պաշտպանության նախարարություն, Ազգային ժողով, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, Վիլեն Գաբրիելյան, Անդրանիկ Քոչարյան, Արմեն Խաչատրյան, ՀՀ ոստիկանություն) յոթնօրյա ժամկետում հստակեցնել ու հայտարարել, թե երբ և ինչպես (նշել հստակ ժամկետ) կլուծվի քաղաքացուն առաջին անգամ զենք տրամադրելու այս օրենսդրական բացի խնդիրը, և կվերականգնվի ՀՀ քաղաքացիների` առաջին անգամ զենք ձեռք բերելու խախտված իրավունքը։
Մենք շեշտում ենք, որ ակնկալում ենք այս բացթողման` հնարավորինս կարճ ժամկետներում մաքսիմալ հնարավոր արագ ձևով լուծում: Նշված ժամկետում խնդիրը չլուծելու դեպքում մեզ իրավունք ենք վերապահում օրենքով թույլատրված բոլոր միջոցներով և գործողություններով իրագործել մեր իրավունքների պաշտպանությունը:
Սույն հայտարարությունը բաց է, և կարող են միանալ բոլոր մտահոգ քաղաքացիները, զենքի շրջանառությամբ զբաղվող տնտեսվարողները և այլ հասարակական կազմակերպությունները»։
Добавить комментарий