ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնել է, թե որ հարցերի շուրջ հետագա քննարկման անհրաժեշտություն կա․ «1lurer.am»
«Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները մի քանի առանցքային հարցերի շուրջ պահանջում են հետագա աշխատանք: Խոսքը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատմանը, զորքերի հետքաշմանը և Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի ստեղծմանը»,- հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ պատասխանելով «Լուրերի» հարցին, թե որ հոդվածների շուրջ հետագա քննարկման անհրաժեշտություն կա։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ում ընթացող բանակցությունների ժամանակ Միրզոյանն ու Բայրամովը համաձայնության են հասել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ։
«Նրանք համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ և գրանցել փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք»,- հայտնել էին ԱԳՆ-ից։
Վաշինգտոնյան բանակցությունները Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև մեկնարկել էին հունիսի 27-ին, Վաշինգտոնին մերձակա Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի անվան Արտաքին հարաբերությունների ազգային ուսումնական կենտրոնում:
Հայաստանի ու Ադրբեջանի միջև բարձր մակարդակի հաջորդ հանդիպումն այս պահին նախատեսված է հուլիսի 21-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ:
Добавить комментарий