Ադրբեջանում ՌԴ դեսպանատունը դժգոհություն է հայտնել ադրբեջանական ԶԼՄ-ում հակառուսական հրապարակման առթիվ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունը բաց նամակ է հրապարակել և դժգոհություն հայտնել «Minval.az» լրատվական կայքում առկա հակառուսական հրապարակումների կապակցությամբ։ Ըստ «Դետք»-ի՝ դեսպանատան նամակում հիշատակվել են վերջին օրերին կայքի հրապարակած մի շարք հոդվածները։
Վերոհիշյալ հոդվածների հեղինակները պնդում էին, որ Ադրբեջանի Գետաբեկի շրջանում սկիզբ առած բողոքի ակցիաները ֆինանսավորվում են Ռուսաստանից, իսկ ռուսական կողմը զինում է Ղարաբաղի հայերին։
Ռուսաստանի դեսպանությունն իր տարակուսանքն է հայտնել նաև կայքում Ադրբեջանի Սահմանադրական դատարանի դատավոր Իսա Նաջաֆովի հարցազրույցի հրապարակման առթիվ։ Դրանում Սահմանադրական դատարանի անդամը պնդում էր, թե «ռուսաստանյան հատուկ ծառայությունները 90-ականներին մտադիր էին թունավորել Հեյդար Ալիևի՝ Լոնդոնում բնակվող թոռներին»։
Ռուսաստանի դիվանագետներն այս տեղեկությունը կեղծիք են որակել։ Վերջիններս միևնույն ժամանակ ընդգծել են, որ նման տեղեկությունների տարածմամբ ադրբեջանական լրատվամիջոցը մաս է կազմել Ռուսաստանի դեմ բրիտանացիների հրահրած քարոզչական արշավին։
«Ցավալի է, որ «Minval» կայքը Լոնդոնի հակառուսական տեղեկատվական-քարոզչական արշավում օգտագործվում է բարեկամ Ադրբեջանի տարածքում, ինչը հակասում է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի կողմից 2022 թվականի փետրվարի 22-ին ստորագրված «Դաշնակցային գործակցության մասին» հռչակագրի դրույթներին»,- ասվում է նամակի մեջ։
Добавить комментарий