Իրանը պաշտոնապես անդամակցեց Շանհայի համագործակցության կազմակերպությանը
Իրանի Իսլամական Հանրապետությունը նախօրեին պաշտոնապես դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Իրանի անդամակցության որոշումը կայացվել է Հնդկաստանի նախագահությամբ տեղի ունեցած կազմակերպության 23-րդ գագաթնաժողովի ժամանակ, որն ընթանում էր առցանց ձևաչափով։ Այսպիսով՝ Իսլամական Հանրապետությունը դարձել է ՇՀԿ-ի իններորդ լիիրավ անդամը։
Նշենք, որ Իրանը դիտորդի կարգավիճակով կազմակերպությանը միացել էր դեռևս 2005 թվականին։ Նախորդ տարի սեպտեմբերին Ուզբեկստանի մայրաքաղաք Սամարղանդում կայացած ՇՀԿ-ի գագաթնաժողովի ժամանակ ստորագրվել էր Իրանի պարտավորությունների հուշագիրը՝ կազմակերպությանն անդամակցության նպատակով։
Կազմակերպությանն Իրանի Իսլամական Հանրապետության անդամակցության առթիվ Պեկինում գտնվող ՇՀԿ-ի քարտուղարությունում տեղի է ունեցել Իրանի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը:
Հիշեցնենք, որ ՇՀԿ-ն հիմնադրվել է 2001 թվականի հունիսի 15-ին։ Սկզբում կազմակերպության կազմի մեջ էր մտնում վեց երկիր՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը, 2017 թվականին նրանց միացան Հնդկաստանը և Պակիստանը:
#Դետքի_հետագծով
Իրանի լիիրավ անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը չափազանց կարևոր է հատկապես արևմտյան երկրների սահմանած պատժամիջոցների հետևանքները հնարավորինս մեղմելու համար։ Արևմտյան պատժամիջոցների ֆոնին իրանական կողմը մշտապես փորձում է այլ հարթակների հետ իր համագործակցությունը խորացնել՝ պատժամիջոցների հետևանքները հնարավորինս զսպելու համար։
Добавить комментарий