Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Իրանի փոխնախագահը կարևորել է Մոսկվայի և Թեհրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների անհապաղ իրագործումը

Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմեդ Մոխբերը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ հարցերով օգնական Իգոր Լևիտինի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական «ParsToday» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Մոխբերն ընդգծել է Թեհրանի և Մոսկվայի միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների անհապաղ իրագործման անհրաժեշտությունը: Նա միևնույն ժամանակ գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև հարաբերությունների խորացման և ընդլայնման, ինչպես նաև պատվիրակությունների վերջին այցերի կապակցությամբ՝ նշելով, որ դրական քայլեր են ձեռնարկվել հատկապես բանկային խոչընդոտների վերացման և տարանցիկ գծերի զարգացման ուղղությամբ:

«Ճիշտ հրահանգներով և հետամուտ լինելով՝ պետք է ձգտել վերացնել էլեկտրակայանների կառուցման, համատեղ էներգետիկ համագործակցության և նավթային հանքավայրերի զարգացման ոլորտներում առկա խնդիրները և արագացնել համատեղ ծրագրերի ու համաձայնագրերի իրականացումը»,- ասել է նա:

Անդրադառնալով «Հյուսիս-հարավ» միջանցքի կարևորությանը՝ իրանցի պաշտոնյան նշել է, որ ռուսական ընկերությունները պետք է օգտագործեն Մաքրանի ափերում  ներդրումներ կատարելու և «Հյուսիս-հարավ» միջանցքում նավահանգստային ենթակառուցվածքային նախագծեր իրականացնելու և լոգիստիկ կենտրոնների հնարավորությունը։ Նրա խոսքով՝ հաշվի առնելով որոշ հարևան և արտատարածաշրջանային երկրների ընդառաջումն ու հետևողականությունը՝ որոշումների կայացման արագությունը հիմնարար նշանակություն ունի։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունն աշխարհաքաղաքական իրողությունների հետևանքով վերջին տարիներին զգալիորեն ամրապնդել են իրենց փոխգործակցությունը։ Նկատենք, որ սա Իրանի առաջին փոխնախագահի և Ռուսաստանի նախագահի հատուկ հարցերով օգնականի վեցերորդ հանդիպումն էր վերջին 9 ամսվա ընթացքում, ինչը ևս մեկ ցուցիչ է, որ երկու երկրները չափազանց մեծ նշանակություն են տալիս իրենց հարաբերությունների խորացմանը։

Добавить комментарий