Հայաստանը երբեք միջանցքային որևէ պարտավորություն չի ստանձնել. Փաշինյան
Ադրբեջանը շարունակում է Հայաստանին մեղադրել իր տարածքով տրանսպորտային կապի ապահովման պարտականությունները, պարտավորությունները չկատարելու մեջ՝ միջանցքային ինչ-որ երկիմաստ մեկնաբանություններով: Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը հուլիսի 6-ի Կառավարության նիստին։
«Այստեղ ևս ստիպված եմ կրկնել, որ Հայաստանը երբեք ոչ գրավոր, ոչ բանավոր միջանցքային որևէ պարտավորություն չի ստանձնել և նման որևէ մեկնաբանությունը երբևէ չի ընդունի»,- նշել է նա:
Վարչապետը, անդրադառնալով տարածաշրջանային կոմունիկացիաներին, երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո ապաշրջափակմանը, նշել է, որ Հայաստանը բազմիցս հայտարարել և հայտարարում է, որ պատրաստ է դրան․ «Արդեն վաղուց ՀՀ կառավարության որոշման նախագիծ է դրված պաշտոնական շրջանառության, որով նախատեսվում է երեք հսկիչ անցակետի հիմնադրումը Հայաստան-Ադրբեջան սահմանին Հայաստանի կողմից: Այդ որոշումը չի ընդունվում Ադրբեջանի դեստրուկտիվ մոտեցման պատճառով, որը նմանատիպ գործընթաց անգամ չի էլ նախաձեռնել և չի ցանկանում ճանապարհ տրամադրել Հայաստանին:
Տրամաբանությունն այն է, որ նույն որոշումը պետք է Ադրբեջանի կողմից կայացվի, որպեսզի և՛ Հայաստանի կողմից, և՛ Ադրբեջանի կողմից լինեն այդ անցագրային կետերը, որ տրանսպորտային ենթակառուցվածքներն ապաշրջափակվեն»,-ասել է Փաշինյանը:
Ըստ նրա՝ Ադրբեջանի մոտեցումն այսպիսին է, որովհետև նա չի հրաժարվել Հայաստանը շրջափակման ենթարկելու իր 30-ամյա քաղաքականությունից․ «Ադրբեջանը շարունակում է Հայաստանին մեղադրել նաև ականապատման հարցերի մեջ: Նախ՝ Արդարադատության միջազգային դատարանը սույն թվականի փետրվարի 22-ի որոշմամբ հերքեց ականապատման հարցերում Հայաստանին ուղղված մեղադրանքները, և հետո հարաբերությունների կարգավորման հարցում իր անկեղծությունն ու վճռականությունը ցույց տալու համար հայկական կողմը նախորդ տարիներին Ադրբեջանին փոխանցեց վերջինիս վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքների ականադաշտերի քարտեզներ, որոնց օգտագործմամբ այսօր Ադրբեջանում իրականացվում են ականազերծման լայնածավալ աշխատանքներ: Իսկ Ադրբեջանը սրան ի պատասխան ոչ մի համարժեք քայլ չարեց, մինչև օրս շարունակում է ապօրինի կերպով պահել հայ ռազմագերիներին և նրանց օգտագործել որպես քաղաքական սակարկման գործոն»:
Добавить комментарий