Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Հարևանների հետ հարաբերությունների ընդլայնումը երկրի առաջնահերթություններից է. Իրանի ԱԱԽ քարտուղար

Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը հայտարարել է, որ հարևանների հետ հարաբերությունների ընդլայնումը երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Ըստ «Դետք»-ի՝ իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Ահմադիանն ասել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Իգոր Լևիտինի հետ կայացած հանդիպման ժամանակ։

Ահմադիանն անդրադարձել է հարևանների, հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունների ընդլայնման Իրանի քաղաքականությանը, ինչպես նաև երկու երկրների տարածաշրջանային նախաձեռնություններին և գործընկերներին ցուցաբերվող համատեղ աջակցությանը։ Նա այս համատեքստում ընդգծել է, որ բազմակողմանիությունը կնպաստի երկու երկրների ազգային շահերի իրացմանը։

Իրանցի պաշտոնյան նշել է, որ համաշխարհային զարգացումներն ու աշխարհաքաղաքական պայմանները պահանջում են, որպեսզի երկու երկրները հնարավորինս արագ ակտիվացնեն «Հյուսիս-հարավ» միջանցքի, Արևմտյան երթուղու, ծովային և արևելյան  բոլոր երթուղիները։ «Համաձայնեցված ծրագրերի, այդ թվում՝ «Հյուսիս-հարավ» միջանցքի ավարտը և նավթի ու գազի ոլորտում ստորագրված հուշագրերի իրականացման արագացումը, Իրանի կարևորագույն առաջնահերթություններից են Ռուսաստանի հետ երկկողմ համագործակցության ոլորտում»,- ասել է նա։ 

Հանդիպման ժամանակ Իգոր Լևիտինը հայտնել է, որ երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների ծրագրված իրականացումը, այդ թվում՝ տրանսպորտի և տարանցման, էներգետիկայի, բժշկության և գիտության ոլորտներում, կնպաստի տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Նա ասել է, որ դա դրական ու կարևոր ազդեցություն կունենա տարածաշրջանի տարանցիկ և առևտրային կարողությունների զարգացման վրա։

#Դետքի_հետագծով

Վերջին տարիներին Ռուսաստանի Դաշնությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը մի շարք ոլորտներում խորացնում են երկկողմ փոխգործակցությունը։ Հատկապես ռուս-ուկրաինական պատերազմից հետո տեղի ունեցած զարգացումներով պայմանավորված՝ երկու երկրները սկսել են կարևորել միջպետական համագործակցության ամրապնդումը, որի ուղղությամբ հստակ քայլեր են ձեռնարկվում։

 

Добавить комментарий