Իրանի արտգործնախարարը նշել է՝ Չմիավորման շարժումը պետք է աջակցի բազմակողմանիության ամրապնդմանը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ աշխարհում «օրենքի գերակայության» ամրապնդմանն ուղղված ջանքերին համահունչ՝ Չմիավորման շարժումը միջազգային կազմակերպություններում պետք է ավելի ակտիվ դեր խաղա։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Աբդոլլահիանն ասել է Չմիավորման շարժման գագաթնաժողովի շրջանակում ունեցած ելույթում։
Իրանի արտգործնախարարը շեշտել է՝ տարածաշրջանային մակարդակում Իրանն ապացուցել է, որ վստահելի գործընկեր է: Նրա խոսքով՝ դրա օրինակն է ահաբեկչության դեմ պայքարում Իրանի համագործակցությունն այլ երկրների հետ և իրանցի զինվորների նահատակությունն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում։
Աբդոլլահիանն ընդգծել է, որ տարածաշրջանային մերձեցմանն ուղղված Իրանի հարևանության քաղաքականությունն ապացուցել է իր արդյունավետությունը։ «Մենք վճռական ենք շարունակելու հարաբերությունների և համագործակցության համակողմանի զարգացումն աշխարհի բոլոր երկրների, այդ թվում՝ մեր հարևանների հետ: Եվ մենք համոզված ենք, որ տարածաշրջանային խնդիրների լուծումը հնարավոր է միայն տարածաշրջանի երկրների համագործակցությամբ»,- նշել է նա։
Իրանի արտգործնախարարը հավելել է, որ զարգացումը յուրաքանչյուր ժողովրդի իրավունքն է։ Նա հայտնել է՝ Իրանն ուրախ է, որ Չմիավորման շարժումը խստորեն դատապարտել է պատժամիջոցները և միակողմանի այլ հարկադրական միջոցներն աշխարհում ու պահանջել դրանք վերացնել։ «Միակողմանի պատժամիջոցներն անօրինական են, անմարդկային և տնտեսական ահաբեկչության վառ օրինակ: Դրանք ակնհայտորեն խախտում են թիրախ պետությունների մարդու իրավունքները»,- եզրափակել է նա։
#Դետքի_հետագծով
Չմիավորման շարժման անդամ երկրները վարում են ռազմաքաղաքական խմբավորումներին չանդամակցելու արտաքին քաղաքականություն, որը ձևավորվել է 1961 թվականին կայացած Բելգրադի համաժողովում։ Իրանի Իսլամական Հանրապետության համար այս շարժմանն անդամակցելը կարևոր է հատկապես իր գլխավոր աշխարհաքաղաքական հակառակորդ Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի ազդեցությունը հակակշռելու տեսանկյունից։
Добавить комментарий