Թեհրանը դատապարտում է Իսրայելի գործողությունների նկատմամբ արևմտյան երկրների երկակի մոտեցումը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին դատապարտել է Ջենինում Իսրայելի իրականացրած հանցագործությունների նկատմամբ արևմտյան երկրների երկակի մոտեցումը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Քանաանին գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում։
«12 նահատակ, 140 վիրավոր, ջրի և էլեկտրական ցանցերի լիակատար ոչնչացում, 300 տան ավերում, շուրջ 500 վնասված տուն, փողոցների ու խանութների ավերածություն։ Սրանք սիոնիստական բանակի կողմից Ջենին քաղաքի փախստականների ճամբարի վրա իրականացված հարձակման հետևանքներն են»,- գրել է նա։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը միևնույն ժամանակ բացառել է, որ ԱՄՆ-ն և Եվրոպան Մարդու իրավունքների խորհրդից կպահանջեն այս հարցով փաստահավաք հանձնաժողով ստեղծել:
Քանաանին հավելել է, որ չնայած Իսրայելի բանակի կողմից Ջենինի ճամբարի պաշարմանը և այս ճամբարում ապրող պաղեստինցիների բազմաթիվ տների ու հանրային գույքի ավերմանն ու ոչնչացմանը՝ շատ բնակիչներ, ուշադրություն չդարձնելով Իսրայելի ճնշումներին, հայտարարել են, որ պաղեստինցի երիտասարդ մարտիկների կողքին շարունակելու են իրենց պայքարը սիոնիստների (նկատի ունի Իսրայելին - խմբ.) օկուպացիայի դեմ:
#Դետքի_հետագծով
Վերջին շրջանում իսրայելա-պաղեստինյան լարվածությունը կրկին աճել է, ինչը պայմանավորված է Իսրայելի կողմից Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենին քաղաքում «հակաահաբեկչական գործողությամբ»։ Այս գործողության հետևանքով տեղի արաբ բնակչությունն ունեցել է տասնյակ զոհեր և վիրավորներ, ինչպես նաև նյութական կորուստներ։
Պաղեստինի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելին պաղեստինա-իսրայելական հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու փոխարեն անպաշտպան ժողովրդին թիրախավորելու համար:
Добавить комментарий