ՆԱՏՕ-ն Իրանին հորդորում է դադարեցնել ՌԴ-ին տրամադրվող ռազմական աջակցությունը
ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդները հուլիսի 12-ին Վիլնյուսում կայացած գագաթաժողովի ընթացքում համատեղ հայտարարություն են ընդունել, որում Իրանի Իսլամական Հանրապետությանը հորդորել են դադարեցնել Ռուսաստանի Դաշնությանը ցուցաբերվող ռազմական աջակցությունը՝ հատկապես իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի մատակարարումը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ ՆԱՏՕ-ի առաջնորդներն ընդգծել են, որ Իրանի աջակցությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմին ազդում է եվրատլանտյան անվտանգության վրա։ «Մենք հորդորում ենք անում Իրանին դադարեցնել ռազմական աջակցությունը Ռուսաստանին՝ հատկապես անօդաչու թռչող սարքերի մատակարարումը, որոնք օգտագործվում են կարևորագույն ենթակառուցվածքների վրա հարձակվելու և բազմաթիվ քաղաքացիական զոհերի պատճառ դառնալու համար»,- ասվում է հայտարարության մեջ։
ՆԱՏՕ-ի անդամ երկրները միևնույն ժամանակ խորը մտահոգություն են հայտնել «դաշնակցային տարածքում Իրանի չարամիտ գործողությունների» կապակցությամբ։
«Մենք նաև կոչ ենք անում Իրանին զերծ մնալ ապակառուցողական գործողություններից, ինչպես նաև բաց ջրերում նավերի առևանգումից ու կառուցողական դեր խաղալ տարածաշրջանային կայունության ու խաղաղության ապահովման գործում»,- նշվում է հայտարարության մեջ։
#Դետքի_հետագծով
Դեռևս նախորդ տարի աշնանից Ուկրաինայի իշխանությունները և նրա արևմտյան դաշնակիցները պնդում են, որ Իրանը Ռուսաստանի Դաշնությանը անօդաչու թռչող սարքեր է մատակարարում, որոնք այդ երկիրն օգտագործում է ուկրաինական ենթակառուցվածներին հարվածելու համար։ Իրանական կողմը կտրականապես հերքում է այս մեղադրանքները՝ նշելով, որ պատերազմող կողմերից որևէ մեկին սպառազինություն չի մատակարարում, քանի որ դա նպաստում է պատերազմի շարունակմանը, ինչին ինքը դեմ է։
Добавить комментарий