DETQ

Թեհրանը դատապարտում է Ղրիմի կամրջի վրա կատարված հարձակումը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է՝ պաշտոնական Թեհրանը դատապարտում է Ղրիմի կամրջի վրա կատարված հարձակումը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Քանաանին ընդգծել է, որ Իրանի իշխանությունները կարծում են՝ Ղրիմի կամրջի վրա իրականացված ահաբեկչական հարձակումը խաթարում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը: Նրա խոսքով՝ Թեհրանը մտահոգված է նման զարգացմամբ, որը կարող է լրջագույն հետևանքներ ունենալ։

«Մենք ապակառուցողական ենք համարում ցանկացած գործողություն, որն ուղղված է Ուկրաինայում հակամարտության սրմանը, ինչպես նաև խաթարում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը։ Հակամարտության սրումն անհանգստություն է առաջացնում Թեհրանում»,- ասել է նա։

Իրանցի պաշտոնյան հավելել է, որ իրանական կողմը մերժում է հակամարտության կողմերից մեկին «արգելված զենք» ուղարկելու մասին վերջերս կայացված որոշումը։

#Դետքի_հետագծով

Ղրիմի կամրջի վրա կատարված հարձակումը, որը ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում արդեն երկրորդ նմանատիպ հարձակումն է, կարող է պատերազմն այլ մակարդակ տեղափոխել և հանգեցնել չափազանց ծանր հետևանքների, քանի որ ռուսական կողմը Ղրիմը համարում է Ռուսաստանի մաս։

Միևնույն ժամանակ Իրանի ԱԳՆ խոսնակն իր այս հայտարարությամբ դատապարտում է Ուկրաինային կասետային զինամթերք մատակարարելու որոշումը, որը հակասական քննարկումների պատճառ է դարձել։

 

Добавить комментарий