DETQ

Իրանի ռազմավարությունը երկրի սահմաններն ավելի ապահով դարձնելն է. Ռայիսի

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ երկրի ռազմավարությունը սեփական սահմաններն ավելի ապահով, անվտանգ դարձնելն է և տնտեսական սահմանների վերածելը։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Ռայիսին ասել է Պակիստանի բանակի հրամանատար Սեյեդ Ասեմ Մոնիրի հետ հանդիպման ժամանակ։

Ռայիսին շեշտել է՝ սահմանային շուկաների զարգացումն ու էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնումն այս ռազմավարության իրականացման ուղիներից են։ Նա միևնույն ժամանակ նշել է երկու երկրների գործունեությանը թափ հաղորդելու  անհրաժեշտությունը վերոհիշյալ նպատակների իրականացման համար։

Իրանի նախագահն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ հարևան, դաշնակից և մուսուլմանական երկրների հետ հարաբերությունների ամրապնդումն Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Նա այս համատեքստում հայտնել է, որ Իրանի և Պակիստանի միջև ստորագրված համաձայնագրերի արագ իրագործումն առավել քան երբևէ կնպաստի առևտրատնտեսական համագործակցության  և քաղաքական հարաբերությունների մակարդակի բարձրացմանը:

Պակիստանի բանակի հրամանատար Սեյեդ Ասեմ Մոնիրն իր հերթին բարձր է գնահատել հարևան երկրների, հատկապես Պակիստանի հետ հարաբերությունների ամրապնդման կապակցությամբ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը։ Նրա համոզմամբ՝ Թեհրանի քաղաքականությունն իսլամական աշխարհի համար շատ արժեքավոր հնարավորություն է։ 

#Դետքի_հետագծով

Ընդհանուր առմամբ Իրանի Իսլամական Հանրապետությունը Պակիստանի հետ ունի բնականոն հարաբերություններ և համագործակցություն։ 

Միևնույն ժամանակ երկու երկրներն ունեն համագործակցության միմյանց հետաքրքրող խնդիրներ՝ կապված սահմանների անվտանգության հետ։ Մասնավորապես Պակիստանում գտնվող և այդ երկրի իշխանությունների կողմից չվերահսկվող գրոհային խմբերը վտանգ են ներկայացնում նաև Իրանի համար, իսկ վերջինս տարբեր կերպ փորձում է չեզոքացնել այդ վտանգը։

 

Добавить комментарий