Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Իրանը ՌԴ-ի հետ էլեկտրաէներգիա կփոխանակի Հայաստանի և Վրաստանի տարածքով

Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը հայտարարել է, որ Իրանը նախատեսում է Հայաստանի և Վրաստանի տարածքով Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիա փոխանակել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Իրանցի պաշտոնյան հայտնել է, որ Ռուսաստանը և Իրանն էլեկտրաէներգիա կփոխանակեն նաև Ադրբեջանի տարածքով:

«Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակման համար մենք օգտվելու ենք երկու երթուղուց՝ Ադրբեջանի Հանրապետություն և Հայաստան-Վրաստան, մենք գտնվում ենք վերջնական բանակցությունների և իրականացման գործընթացում»,- ասել է նա:

Իրանի էներգետիկայի նախարարը հավելել է, որ երկիրը ձգտում է էլեկտրաէներգիա փոխանակել որոշ հարևանների հետ առանց վճարելու:

«Շուտով մենք կսկսենք էլեկտրաէներգիա փոխանակել Ռուսաստանի հետ Ադրբեջանի տարածքով։ Հայաստանի և Վրաստանի տարածքով ռուսական էլեկտրացանցին միանալը նույնպես օրակարգում է»,- եզրափակել է նա։

#Դետքի_հետագծով

Էներգետիկ փոխգործակցությունը ևս մի առանցքային ոլորտ է, որտեղ վերջին տարիներին Ռուսաստանն ու Իրանը զարգացնում են երկկողմ հարաբերությունը։ Սա չափազանց լավ հնարավորություն է նաև Հայաստանի համար, որը Ռուսաստանի և Իրանի միջև էներգետիկա փոխանակելու համար կարող է տարանցիկ գոտի դառնալ և զգալի եկամուտներ ունենալ։

 

Добавить комментарий