Իրանը և Օմանը գտնվում են տնտեսական հարաբերությունների զարգացման ճանապարհին. Աբդոլլահիան
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է՝ Իրանը և Օմանը գտնվում են տնտեսական հարաբերությունների զարգացման ճանապարհին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Աբդոլլահիանն Օմանի արտգործնախարար Բադր բին Համադ ալ Բուսաիդինի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ վերջին 22 ամիսների ընթացքում Իրանի և Օմանի միջև առևտրաշրջանառության ծավալն աճել է ավելի քան երկուսուկես անգամ։ «Մենք հավատում ենք, որ հարևան երկրների միջև հարաբերությունները կարող են ընդլայնվել, և դա այն է, ինչն այսօր անհրաժեշտ է տարածաշրջանին»,- ասել է նա։
Իրանի ԱԳ նախարարը միևնույն ժամանակ իր դժգոհությունն է հայտնել եռյակ կղզիների վերաբերյալ Պարսից ծոցի մի շարք երկրների և Ռուսաստանի միջև ընդունված հայտարարության կապակցությամբ։ Նա նշել է, որ Թեհրանը չափազանց վճռական է տրամադրված իր անկախության և տարածքային ամբողջականության հարցերում։
«Երեկ դիվանագիտական խողովակով մենք պարզաբանումներ ենք ստացել Ռուսաստանի իշխանություններից այս հայտարարության վերաբերյալ, սակայն այդ բացատրությունները բավարար չենք համարում»,- ասել է նա։
Օմանի արտգործնախարարը նույնպես դրական է գնահատել իրանցի գործընկերոջ հետ հանդիպումը։ Նա ընդգծել է, որ Օմանի քաղաքականությունը միշտ հիմնված է բարիդրացիության սկզբունքի և լարվածության նվազեցման գործում դրական դերակատարում ունենալու վրա։
#Դետքի_հետագծով
Իրանն Օմանի հետ համագործակցության խորացումը կարևորում է այն պատճառով, որ վերջինս Պարսից ծոցի տարածաշրջանի երկիր է, որն Իրանի համար չափազանց կարևոր նշանակություն ունի։ Հատկապես Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների հարաբերությունները խորացնելով՝ իրանական կողմը ձգտում է հակակշռել տարածաշրջանում իր աշխարհաքաղաքական հակառակորդ ԱՄՆ-ի ներկայությունը։
Добавить комментарий