Իրանի ԶՈՒ բարձրաստիճան ղեկավարությունն այցելել է Ադրբեջանի հետ սահման
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին երկրի բանակի գլխավոր հրամանատարի և զինված ուժերի գլխավոր շտաբի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է իրանա-ադրբեջանական սահմանի զրոյական կետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Բաղերին Փոլդաշտ քաղաքում գտնվող սահմանի զրոյական կետում հանդիպում է ունեցել այնտեղ ծառայություն իրականացնող սահմանապահների հետ: Վերջինս հանդիպման ընթացքում բարձր է գնահատել երկրի տարածքը պաշտպանելու գործում իրանցի սահմանապահների ներդրած ջանքերը։
Իրանի զինված ուժերի ԳՇ պետն ընդգծել է, որ իրանական զինված ուժերի կանխարգելիչ ուժն ավելի մեծ է, քան երբևէ։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Իրանի զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները բերվել են լիակատար մարտական պատրաստության վիճակի:
Բաղերին հայտնել է նաև, որ այս այցի նպատակն է քննարկել Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին պաշտպանության վերջին իրավիճակը։
«Իրանի պաշտպանական դոկտրինան փաստորեն հիմնված է զսպման սկզբունքի վրա: Իրական զսպող ուժ ստեղծելու համար անհրաժեշտ է ունենալ հուսալի ռազմական և սպառազինական հնարավորություններ և հզոր զինված ուժեր»,- եզրափակել է նա:
#Դետքի_հետագծով
Հատկապես Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում առկա լարվածության պայմաններում Իրանը կարևորում է այս երկրի հետ սահմանների անվտանգությունը։ Միևնույն ժամանակ իրանական կողմը մտահոգված է այն հանգամանքով, որ սահմանի ադրբեջանական կողմում հաստատվել է իսրայելական ներկայություն, որը ցանկացած պահի կարող է սպառնալիք ստեղծել Իրանի համար, իսկ Ադրբեջանի տարածքը վերածել պլացդարմի։
Добавить комментарий