DETQ

Իրանն ԱԹՍ-ների ոլորտում աշխարհում լավագույնն է. Պնախարար

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին հայտարարել է, որ ներկայումս երկիրն անօդաչու թռչող սարքերի ոլորտում աշխարհում լավագույնն է։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Աշտիանին շեշտել է, որ Իրանի պաշտպանության նախարարությունը պատասխանատու է մարդատար ինքնաթիռների կառուցման համար։ Անդրադառնալով այլ երկրներից ինքնաթիռների գնման գործընթացին՝ Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ասել է. «Մենք ինքներս ենք կառուցում ինքնաթիռներ և այդ ոլորտում ինքնաբավ ենք»: 

Աշտիանին միևնույն ժամանակ կարևորել է անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում արձանագրվող հաջողությունները։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին իրանական արտադրության ԱԹՍ-ների արձանագրած հաջողություններն ակնհայտ են, և այդ իրողությունն ընդունում են անգամ երկրի թշնամիները։ 

«Անօդաչու սարքերի հարցում մենք այս պահին լավագույնն ենք աշխարհում, իսկ մնացած դեպքերում կամ ինքներս ենք արտադրում, կամ որևէ երկրի հետ համատեղ ենք արտադրում»,- եզրափակել է նա:

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները հստակ քայլեր են ձեռնարկում երկրի ռազմարդյունաբերությունը զարգացնելու ուղղությամբ։ Սա պայմանավորված է հատկապես Իրանի նկատմամբ արևմտյան երկրների սահմանած պատժամիջոցներով, որոնք խաթարում են նաև երկրի ռազմարդյունաբերության զարգացումը։ Այս գործընթացում, անշուշտ, կարևոր տեղ ունի իրանական ԱԹՍ-ների արտադրությունը, որոնք վերջին տարիներին զգալի հաջողություններ են արձանագրել։

 

Добавить комментарий