Հայաստանի Հանրապետության տարածքում  որևէ անկլավ գոյություն չունի

Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ անկլավ գոյություն չունի

Ի՞նչ է անկլավը 

Օտար պետության սահմանների մեջ գտնվող և այդ պետությանը չպատկանող տարածքը կոչվում է անկլավ։ Անկլավները գոյություն ունեն պատմական, քաղաքական և աշխարհագրական բազմաթիվ պատճառներով։ Անկլավը կարող է լինել ինչպես այլ պետության տարածք (գյուղ, մարզ, ինքնավար հանրապետություն), այնպես էլ անկախ պետություն։

«Անկլավների» թեման հրապարակայնորեն սկսեց շրջանառվել 44-օրյա պատերազմից հետո։ Այսպես կոչված «անկլավները» ստեղծվել են 1936-1939 թվականներին։ Այս մասին «Գոյ»-ի եթերում նշել է քարտեզագետ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Ռուբեն Գալչյանը (ավելի մանրամասն տե՛ս https://www.youtube.com/watch?v=SvB79bxYfws&t=1211s ):

Ադրբեջանի տարածքային հավակնությունները

Ադրբեջանն իր ներքին լսարանի համար այսպես կոչված «անկլավներին» տալիս է «ադրբեջանական տարածքներ» անվանումը։ «Անկլավների» մասին Ադրբեջանում սկսել են խոսել պետական քարոզչական դաշտի ազդեցության արդյունքում, իսկ առավել ակտիվորեն՝ սեպտեմբերյան ագրեսիայից հետո։ Սկզբնական շրջանում քարոզչական դաշտում թեմայի շուրջ քննարկումներն աստիճանաբար բերվել են պաշտոնական մակարդակ։

2022 թվականի դեկտեմբերից «անկլավների» հարցը սկսել է բարձրացնել անձամբ Իլհամ Ալիևը՝ տարածքային նոր պահանջներ ձևավորելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում։ Բաքվի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ալիևը պնդել էր, որ «Հայաստանը շարունակում է օկուպացիայի տակ պահել ադրբեջանական 8 գյուղերը»՝ չհստակեցնելով, թե կոնկրետ որ գյուղերի մասին է խոսքը։

Ադրբեջանական կողմի հայտարարություններից և մամուլի հրապարակումներից ելնելով՝ կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը հավակնում է Տավուշի մարզի Վերին Ոսկեպար, Ներքին Ոսկեպար, Բաղանիսայրում, Խեյրիմլի, Սոֆուլու, Բարխուդարլու, Ղըզըլհաջըլը գյուղերին և Արարատի մարզում գտնվող Տիգրանաշենին։

Ադրբեջանի պահանջած 8 գյուղերը, այդ թվում՝ անկլավները, Երևանը հարավին ու հյուսիսին կապող և ռազմավարական ճանապարհներին շատ մոտ են, անգամ ներառում են այդ ճանապարհները։ Այսպես՝ Տիգրանաշենը գտնվում է միջպետական Մ-2 (Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման) ճանապարհի վրա, իսկ Բարխուդարլու-Սոֆուլուն ձևավորվել է միջպետական Մ-4 մայրուղու (Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման) վրա։ Մ-4 մայրուղին դուրս է գալիս դեպի Հ-37 ճանապարհ (Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար), որը Տավուշի մարզկենտրոն Իջևանին է կապում ոչ միայն համայնքների խոշորացման արդյունքում դրան միացված Այգեհովիտ ու Վազաշեն գյուղերը, այլև ամբողջ Բերդի տարածաշրջանը, որը հիմա մեկ խոշորացված համայնք է՝ Բերդ անունով։ Վերին Ոսկեպարը գտնվում է Ոսկեպար գյուղի մոտ՝ Մ-16 մայրուղու հարևանությամբ:

Պատահական չէ, որ Ադրբեջանը ձգտում է հենց այս տարածքներին։ Եթե դրանք անցնեն ադրբեջանական վերահսկողության տակ, ապա Ադրբեջանը հենակետեր կստանա նաև հայկական դիրքերի թիկունքում։ Թշնամուն հնարավորություն կտրվի թիրախավորելու ՀՀ ողջ  տարածքը։ Այս տարածքները Հայաստանի համար կենսական և ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեն։

Մայիսի 14-ին Բրյուսելում կայացած հայ-ադրբեջանական բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությունը՝ Հայաստանի 29․800 և Ադրբեջանի 86․600 քառ․կմ-ով՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը։ Ի դեպ, դժվար թե կարելի է աշխարհաքաղաքականության մեջ գտնել այդպիսի ընթացակարգ․ որևէ երկիր մեկ այլ պետությանը կոնկրետ տարածքով՝ թվերով չի ճանաչում։

Մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 86․600 քառ․ կմ-ը ներառում է նաև Հայաստանի սահմաններում գտնվող նախկին անկլավները՝ Տիգրանաշենը և Տավուշի գյուղերը։ Հունիսի 2-ին Փաշինյանը վերահաստատել է իր այս դիրքորոշումը՝ նշելով, որ «եթե քաղաքական առումով քարտեզով կպարզվի, որ Ադրբեջանինն է, մենք ոչ մի խնդիր չունենք, և դեռ փաստ չէ, որ Ադրբեջանը կուզի Արծվաշենը վերադարձնել և Քյարքին վերցնել»։ Նշենք՝ Արծվաշենը հեռու է ՀՀ-ից մոտ 7 կմ և բոլոր կողմերից շրջափակված է Ադրբեջանի տարածքով։

Հուլիսի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է․ «Եթե անցյալ տարվա հոկտեմբերին (Հայաստանը) ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանները, ապա այս տարվա մայիսին ավելի հեռուն գնաց՝ պաշտոնապես ճանաչելով Ադրբեջանի տարածքի պարամետրերը, այդ թվում՝ Ղարաբաղը և անկլավ գյուղերը։ Սա պետք է դիտարկել որպես դրական փաստ։ Հիմա եկել է ժամանակը, որ այս նույն խոսքերն ամրագրվեն թղթի վրա, ստորագրություններ դրվեն, և հարաբերություններ հաստատվեն»։

Պետք է նկատենք նաև այն, որ Ալիևը նույն ջանասիրությամբ չի խոսում Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ, ինչն ունի իր պարզ բացատրությունը ևս՝ Ադրբեջանը պետական մակարդակով հավակնում է ՀՀ ամբողջ տարածքին։ Բազմաթիվ են Ադրբեջանի կողմից հնչող քարոզչական դրույթները, որոնք հող են նախապատրաստում հետագա լայնածավալ բախման համար։

 • Արցախի բռնազավթված տարածքն Ադրբեջանն անվանում է «Արևելյան Զանգեզուր», եթե կա «Արևելյան Զանգեզուր» կոչվածը, ենթադրաբար պետք է լինի նաև «Արևմտյան Զանգեզուրը» (ադրբեջանական կողմը նկատի ունի հայկական Սյունիքը)։

 • Ալիևի բռնապետական ռեժիմի կողմից վերահսկվող հեռուստաալիքները եղանակի տեսության մեջ ավելացրել են «Արևմտյան Ադրբեջանը»։

 «Արևմտյան Ադրբեջան» ասելով` նկատի ունեն ամբողջ Հայաստանը՝ նշելով Հայաստանի մայրաքաղաք Երևանը, Գեղարքունիքի մարզը, Սյունիքի մարզը, Արարատի և Վայոց ձորի մարզերը ( https://t.me/varuzhandragoman/1970

Այսպիսով՝ Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է տարածքային հավակնություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության հանդեպ։

Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ անկլավ գոյություն չունի։ ՀՀ տարածքն իր ամբողջականության մեջ փաստացի մեր ինքնիշխան տարածքն է, ինչն ապացուցվում է ոչ միայն պատմական օրինականությամբ, այլև մեր հայկական ներկայությամբ։

 

 

Добавить комментарий