gsr

Հայկական Շուշիում անցկացվող մեդիաֆորում. ո՞րն է Ալիևի նպատակը

Հուլիսի 21-ին օկուպացված հայկական Շուշի քաղաքում Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված «գլոբալ մեդիաֆորումի»՝ «Նոր լրատվամիջոցները չորրորդ արդյունաբերական հեղափոխության ժամանակ» խորագրի շրջանակում Ադրբեջանի նախագահը հանդես է եկել մի շարք հայտարարություններով։

• «Շուշին Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքն է, բայց նաև մեր հաղթանակի և խաղաղության խորհրդանիշն է, հենց որ ազատագրվեց Շուշին, Ղարաբաղյան երկրորդ պատերազմն ավարտվեց»:

Ալիևը հայտարարում է Շուշիի՝ Ադրբեջանի «հաղթանակի և խաղաղության» խորհրդանիշ լինելու մասին՝ շատ լավ գիտակցելով, որ պատմականորեն հայկական քաղաքը երկար չի հանդուրժելու բռնապետի ներկայությունը, այնուհետև անհանգստությամբ հայտնում  է․

• «Դեռ կան ինչ-որ ուժեր, որ ապրում են ռևանշիստական մտքերով, այդ պատճառով մենք պատրաստ ենք ցանկացած զարգացման, ուզում եմ ասել հստակ, որ հիմա մեր բանակն ավելի ուժեղ է, քան երեք տարի առաջ էր»։

• «Նրանք արդեն հրապարակայնորեն ընդունել են, որ Ղարաբաղն Ադրբեջան է, հիմա պետք է ստորագրություն դնեն փաստաթղթի տակ, դա վերջին քայլերից մեկն է, եթե Հայաստանը համաձայնվի այն պարբերության հետ, որ Հայաստանը հրաժարվում է բոլոր տարածքային պահանջներից, կարծում եմ՝ ռեալ կլինի մտածել, որ մինչև տարեվերջ կստորագրվի խաղաղության պայմանագիրը, եթե ոչ, ինչպես ասել եմ, չենք կարող ստիպել նրանց, մենք կարող ենք ստիպել նրանց ուժով»։

Ակնհայտ է, որ ստորագրվելիք «խաղաղության» պայմանագիրը միայն ադրբեջանական օրակարգին է ձեռնտու։ Վրացի լրագրողի այն հարցին, թե «Դուք գտե՞լ եք Ղարաբաղի հայերի հեռախոսահամարը» ( նկատի ունի՝ կարողացե՞լ է Ալիևը լեզու գտնել Արցախի հայերի հետ), Ալիևը պատասխանել է.

• «Խունտայի անդամները, որ գրավել են իշխանությունը Ղարաբաղում ու անվանում են իրենց մեկ նախագահներ, մեկ նախարարներ, մեկ դիվանագետներ՝ արդեն առաջացնելով բոլորի ծիծաղը, գերի են վերցնում մարդկանց, որոնք ապրում են այն վայրերում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները… Այսօր էլի նրանք են շարել բետոնե պատնեշներն Ակնա-Ասկերան ճանապարհին, երբ ասացինք՝ ինչո՞ւ պետք է ուրիշ երկրից ապրանք մտնի Ղարաբաղ, չէ՞ որ Ղարաբաղն Ադրբեջան է, այո՛, Ադրբեջան է, որևէ մեկը հակառակը պնդո՞ւմ է, ոչ, ուրեմն ինչո՞ւ պետք է ուրիշ երկրից ապրանք մտնի Ղարաբաղ, երգիծական շոու է, երբ նստել են վրանում ու ցույց են անում, նստացույց անո՞ւմ են նախագահները»։

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, ֆորումին մասնակցում են 120 լրատվամիջոց, ավելի քան 250 հյուր 50 երկրից (https://detq.info/web/arm/node/2877) և պետք է արձանագրենք, որ վերոնշյալ պատվիրակության կազմում ներկայացված են նաև բավականին հեղինակավոր լրատվամիջոցներ ու լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Մեդիաֆորումը կարծես Բաքվի բռնապետի բենեֆիսը լինի, որտեղ միջազգայն հանրությանը փորձում է ապացուցել, որ Արցախի հայերը ոչ թե Բաքվի կողմից են շրջափակված, այլ հենց իրենց իշխանությունների, իբրև ինքը՝ Ալիևը, «մեծահոգի» է և մի քանի անգամ փորձել է եզրեր գտնել արցախցիների հետ։

Նշենք՝ մայիսի 14-ին Բրյուսելում կայացած հայ-ադրբեջանական բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությունը՝ Հայաստանի 29․800 և Ադրբեջանի 86․600 քառ․կմ-ով՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը։ Սա նշանակում է, որ Հայաստանի դե ֆակտո վարչապետը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, որը հիմք է տալիս Բաքվի բռնապետի այսպիսի սանձարձակ հայտարարություններին։

#Դետքի_հետագծով

Добавить комментарий