Հուլիսի 25-ին Մոսկվայում կկայանա Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպումը. ՌԴ ԱԳՆ
Հուլիսի 25-ին Մոսկվայում տեղի կունենան եռակողմ և երկկողմ բանակցություններ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Երկու երկրների արտգործնախարարությունների ղեկավարները նաև կվերլուծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի դեէսկալացիայի և Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման ակտիվացման ուղիները։
«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը, մնացած հարցերի լուծումների որոնմանը, որին Ռուսաստանը պատրաստ է առավելագույն օգնություն ցուցաբերել»,- նշված է հայտարարության մեջ։
Նախարարները կքննարկեն նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այլ առանցքային հարցերը, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատումը, հասարակության և փորձագետների շփումները և խորհրդարանականների միջև երկխոսության մեկնարկը։
Բայրամովի և Միրզոյանի հետ երկկողմ զրույցների ընթացքում նախատեսվում է կենտրոնանալ ռուս-ադրբեջանական և ռուս-հայկական օրակարգի արդի հարցերի քննարկման վրա՝ քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում։
Добавить комментарий