Իրանը պաշտպանում է տարածաշրջանի բոլոր պետությունների տարածքային ամբողջականությունը. Ռայիսի
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Իրանն աջակցում է Կովկասի տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Ռայիսին ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ։
Ռայիսին վերահաստատել է՝ Իրանը չի ընդունում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն և Կովկասյան տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխություն։ Նրա համոզմամբ՝ արտաքին միջամտությունը միայն բարդացնում է տարածաշրջանային խնդիրների լուծումը, այդ պատճառով խնդիրները հենց իրենք՝ տարածաշրջանի երկրները պետք է լուծեն։
«Աջակցելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին՝ Իրանը հուսով է, որ այդ բանակցությունները հնարավորինս կստեղծեն ու կամրապնդեն խաղաղություն, անվտանգություն և հանգստություն տարածաշրջանում»,- ասել է նա։
Իրանի նախագահը հայտնել է, որ իր երկիրը որևէ խոչընդոտ չի տեսնում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման համար։
Արարատ Միրզոյանն իր հերթին նշել է, որ Հայաստանը երբեք չի դառնա հակաիրանական գործողությունների հարթակ։ Նա ասել է, որ հայկական կողմը կարևորում է տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ընդլայնումը։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետությունը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումն ու առկա համագործակցության էլ ավելի ամրապնդումը։ Այս համատեքստում Իրանի համար կարևոր նշանակություն ունի Հայաստանի տարածքային ամբողջականության և հայ-իրանական սահմանի պահպանումը, որը Թեհրանի համար կարմիր գիծ է համարվում։
Добавить комментарий