DETQ

Ալիևը վստահեցրել է՝ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. Իրանի ԱԳ նախարար

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վստահեցրել է՝ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, և ադրբեջանական կողմը նման միտում չունի։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Աբդոլլահիանն ասել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք էլ Հայաստանի մեր գործընկերների հետ խոսեցինք այն մասին, որ նրանք երբեք չեն ցանկացել փակել Ադրբեջան-Նախիջևան հաղորդակցական միջոցը»,- նշել է նա։

Անդրադառնալով հայ-իրանական համագործակցությանը՝ Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ նախորդ մեկ տարում այս ուղղությամբ բավականին քայլեր են ձեռնարկվել։ Նա միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ այս հարցում երկու երկրներն ավելին անելու ներուժ ունեն։

«Մենք լուրջ ենք տրամադրված մեկ միլիարդ դոլարի հասնող առևտրափոխանակման հարցում և հաջորդ փուլում ցանկանում ենք այս ցուցանիշը դարձնել 3 միլիարդ»,- եզրափակել է իրանցի պաշտոնյան։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես դեմ է եղել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գործարկմանը, քանի որ նման միջանցքը կարող է վտանգել հայ-իրանական հազարամյա սահմանի գոյությունը։ Հենց իրանական կողմի զսպող դերն է նաև նպաստել, որ թուրք-ադրբեջանական տանդեմն այս հարցում որոշ չափով հրաժարվի իր պահանջներից։ 

 

Добавить комментарий