Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ իր երկիրը ձգտում է խաղաղության՝ առանց արտաքին միջամտության
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը Կովկասի տարածաշրջանում ձգտում է կայուն խաղաղության և համագործակցության՝ առանց արտաքին միջամտության։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ Թեհրանում կայացած հանդիպումից հետո Աբդոլլահիանն իր թվիթերյան էջում գրել է. «Այսօր ես հյուրընկալել եմ Հայաստանի Հանրապետությունից իմ գործընկեր պարոն Արարատ Միրզոյանին»։
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ հանդիպման ընթացքում իրենք պայմանավորվել են երկկողմ համագործակցության խորացման շուրջ և երկկողմ առևտրային փոխանակումների հեռանկարը դիտարկել են 3 միլիարդ դոլարի չափով։ Նրա խոսքով՝ այն, ինչին Իրանը ձգտում է կովկասյան տարածաշրջանում, կայուն խաղաղությունն ու համագործակցությունն է՝ առանց արտաքին միջամտության։
«Ուստի մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների առաջընթացը»,- եզրափակել է Իրանի ԱԳ նախարարը։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետությունը կարևորում է տարածաշրջանային կայունության ապահովումը, քանի որ շատ լավ գիտակցում է, որ անկայուն իրավիճակից օգտվելու են իր թշնամիները՝ Իրանին հարվածելու համար։ Հենց այս նպատակով իրանական կողմն աջակցում է նաև հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին, որը պետք է հիմնված լինի երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։
Добавить комментарий