•	«Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.600 քառակուսի կիլոմետրի վրա». Ալիև

«Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.600 քառակուսի կիլոմետրի վրա». Ալիև

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չինական «ChinaMediaGroup» մեդիակորպորացիայի հետ հարցազրույցում՝ նշելով, որ առաջիկայում ձեռք կբերվի Հայաստանի համաձայնությունը։

«Ինչու եմ այդպես կարծում։ Որովհետև Հայաստանն արդեն ստիպված է եղել շատ կարևոր հայտարարություն անել այն մասին, որ իրենք ոչ միայն ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչն իրենք պաշտոնապես հաստատել են անցած տարվա հոկտեմբերին և քանիցս հաստատել են նախկինում, այլև այս տարվա մայիսին նրանք հաստատել են, որ Ղարաբաղը ճանաչում են Ադրբեջանի մաս։ Նրանք ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.600 քառակուսի կիլոմետրի վրա, ինչը ներառում է Ղարաբաղը և ադրբեջանական ութ անկլավները Հայաստանի տարածքում։ Դա իսկապես կարևոր հայտարարություն է, որից հետո մնում է միայն այն դնել թղթին և ստորագրել։ Եվ մեր դիրքորոշումը խաղաղության պայմանագրի հարցում Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո այն էր, որ այն պետք է հենվի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա։ Մենք մշակել ենք հինգ հիմնական միջազգային սկզբունքներ, որոնք պետք է ընկնեն խաղաղության համաձայնագրի հիմքում։ Մենք մի քանի անգամ բանակցություններ ենք վարել և կշարունակենք դրանք հուլիսի վերջին։ Այդ համաձայնագրի միակ հիմնական տարաձայնությունը հենց այն էր, որպեսզի Ղարաբաղի վերաբերյալ ավելի վաղ ասած խոսքերս՝ որ այն Ադրբեջանի մասն է, պետք է պաշտոնապես ճանաչվեն Հայաստանի կողմից»,- ասել է Բաքվի բռնապետը։

Խոսելով Արցախի հայ ազգաբնակչության ճակատագրի մասին՝ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ նրանց իրավունքները և անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի Սահմանադրության հիման վրա. «Ադրբեջանը երկիր է, որտեղ ապրում են տասնյակ տարբեր էթնիկ խմբեր, ներառյալ հայերը, և մենք երբեք որևէ խնդիր չենք ունեցել կրոնական կամ էթնիկ հողի վրա։ Ուստի հայերը, որոնք ապրում են Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում, կունենան նույն իրավունքներն ու անվտանգության երաշխիքները, ինչ և Ադրբեջանի մյուս քաղաքացիները։ Ես կարծում եմ, որ դա լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին։ Միջազգային հանրությունն աջակցում է Ադրբեջանի այս դիրքորոշմանը»,- եզրափակել է նա։

Добавить комментарий