Աղդամով Ստեփանակերտին օգնություն հասցնելու հարցի քննարկման ոչ մանդատ ունեմ, ոչ էլ անհրաժեշտություն․ ՀՀ վարչապետ
Իրադրության հասցեագրումը և կարգավորումն առաջին հերթին ոչ թե միջազգային հանրությանն են անհրաժեշտ, այլ ՀՀ-ին և Արցախին (Լեռնային Ղարաբաղին - խմբ․)։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա հստակ պետք է արձանագրենք։ Միջազգային հանրությունը դիրքորոշում հայտնո՞ւմ և քայլեր ձեռնարկո՞ւմ է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրության հասցեագրման վերաբերյալ․ այո, ԵԽ-ն բանաձև է ընդունել այդ թեմայով, ԵԱՀԿ մշտական խորհրդի վերջին նիստին բազմաթիվ երկրներ միանշանակ դիրքորոշումներ են հայտնել, Արդարադատության միջազգային դատարանը հստակ դիրքորոշում է արտահայտել։ Այս ջանքերը բավարա՞ր են․ ոչ։ Ես սա արձանագրում եմ, բայց մենք մի փոքր մոլորության մեջ ենք, որ միջազգային հանրությանն է պետք այն, ինչ մենք կարող ենք անել խնդրի կարգավորման համար»,- հավելել է Փաշինյանը։
Անդրադառնալով լրագրողի ճշտող հարցին, թե Փաշինյանի համար անակնկա՞լ էր Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի այն հայտարարությունը, որ Ադրբեջանի առաջարկը` Արցախին (Լեռնային Ղարաբաղին - խմբ․) հումանիտար միջանցք տրամադրել Ակնայով (Աղդամով - խմբ․), կարևոր է, Փաշինյանը պատասխանել է․ «Անակնկալ չէր, բայց ես նման հարց չեմ քննարկել, որովհետև ես նման հարց քննարկելու ոչ անհրաժեշտություն ունեմ, ոչ էլ մանդատ։ Իսկ Լաչինի միջանցքի հարցի քննարկելունն ունեմ, որովհետև այն կա նոյեմբերի 9-ի համաձայնագրում, որի ստորագրողներից մեկը ես եմ»։
Добавить комментарий