Իրանի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցներն արգելում են ԱԹՍ-ների արտադրության ոլորտում փոխգործակցությունը
Եվրոպական միությունն Իրանի Իսլամական Հանրապետության դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել, որոնցով արգելվում է համագործակցությունն անօդաչուների արտադրության ոլորտում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ որոշման շրջանակում արգելվում է ուղիղ կամ անուղղակի կերպով վաճառել, մատակարարել, փոխանցել կամ արտահանել ապրանքներ և տեխնոլոգիաներ, որոնք կարող են նպաստել Իրանի անօդաչու թռչող սարքերի արտադրության հնարավորությունների ընդլայնմանը։ Որոշումը վերաբերում է Իրանում գործող ցանկացած ֆիզիկական, իրավաբանական անձի՝ անկախ այն բանից, թե արդյոք նրանք ունեն ԵՄ ծագում, թե ոչ։
Բացի դրանից՝ նոր պատժամիջոցային ռեժիմը նախատեսում է նաև անհատական սահմանափակումներ նրանց դեմ, ում ԵՄ-ն համարում է Իրանում անօդաչու թռչող սարքերի արտադրության մասնակից։
Պաշտոնական Թեհրանը դեռևս չի արձագանքել ԵՄ-ի սահմանած նոր պատժամիջոցներին։
#Դետքի_հետագծով
Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Ուկրաինայի և երկրի արևմտյան դաշնակիցների կողմից Իրանի Իսլամական Հանրապետությանն ուղղված մեղադրանքներ են հնչում առ այն, որ երկիրը Ռուսաստանին իրանական արտադրության ԱԹՍ-ներ է մատակարարում՝ ուկրաինական ռազմաճակատում օգտագործելու համար։ Իրանական կողմը կտրականապես հերքում է այս մեղադրանքները՝ նշելով, որ սպառազինություն չի մատակարարում պատերազմող կողմերից որևէ մեկին, քանի որ դա նպաստում է պատերազմի շարունակմանը։
Добавить комментарий