դետք

Իրանը պարտավորվել է աջակցել Սիրիայի տարածքային ամբողջականությանը. ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սաիդ Իրավանին հայտարարել է, որ Իրանը պարտավորվել է աջակցել Սիրիայի տարածքային ամբողջականությանը: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։ 

«Իրանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակելու աջակցել Սիրիայի ժողովրդին և կառավարությանն ահաբեկչության սպառնալիքների հաղթահարման գործում: Մենք պատրաստ ենք աջակցել իրենց երկրի վերականգնմանը, միասնության ապահովմանը և տարածքային ամբողջականության պահպանմանը»,- ասել է նա:

Իրանցի դիվանագետը միևնույն ժամանակ քննադատել է Սիրիայի դեմ Արևմուտքի միակողմանի պատժամիջոցների քաղաքականության շարունակումը։ Նրա խոսքով՝ այդ պատժամիջոցները խոչընդոտում են պատերազմից ավերված երկրի մարդասիրական և տնտեսական վիճակը բարելավելու ուղղությամբ գործադրվող ջանքերը:

Իրավանին ընդգծել է Սիրիայի դեմ սահմանված անօրինական և դաժան պատժամիջոցներին անհապաղ վերջ դնելու կարևորությունը։ Նա հավելել է, որ դրանք վնաս են հասցրել սիրիական տնտեսությանը և մարդկանց առօրյա կյանքին՝ միաժամանակ սահմանափակելով կառավարության հնարավորությունները։

#Դետքի_հետագծով

Սիրիան ԱՄՆ պատժամիջոցների թիրախ է դարձել 1979 թվականից: Վաշինգտոնը և նրա արևմտյան դաշնակիցները կտրուկ խստացրել են Դամասկոսի դեմ իրենց սահմանափակող միջոցները 2011 թվականից ի վեր, երբ արաբական երկիրը հայտնվեց քաղաքացիական պատերազմի մեջ։

Վաշինգտոնի հարկադրական միջոցներն էլ ավելի ուժեղացան 2019 թվականին Կեսարի ակտի ընդունումից հետո՝ ուղղված ցանկացած անհատի և բիզնեսի դեմ, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում էր Սիրիայի վերակառուցման ջանքերին:

 

 

Добавить комментарий