Опубликовано H.Andreasyan -
7

Ադրբեջանը անցակետում ադրբեջանցի բժիշկներ է ներգրավել․ Արցախի պետնախարար

Հիմա արդեն լրջագույն խնդիր ունենք աղբահանության հետ կապված և ընդամենը օրեր անց ունենալու ենք համաճարակային ու սանիտարական լրջագույն խնդիրներ։ Այս մասին հուլիսի 20-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Ես անվերջ կարող եմ թվարկել այն բոլոր ուղղություններն ու ոլորտները, որոնք որ հիմա խնդիրների առաջ են կանգնած։ Սրանք անպատկերացնելի են։ Ես ուզում եմ ոչ թե չափազանցնել, այլ ուղղակի հիմա ուզում եմ իրականությունը բոլորին տեսանելի լինի, և ընկալելի լինի իրողությունը, որի մեջ հիմա ապրում է արցախցին»,- ասել է նա։

Անդրադառնալով Կարմիր Խաչի միջոցով մարդկանց և դեղորայքի փոխադրումներին՝ նա նշել է, որ դա շատ երկարատև գործընթաց է, իսկ ադրբեջանական կողմը մշտապես խնդիրներ է ստեղծում։

«Ադրբեջանի հնարամտությունը սահմաններ չունի, և ի վերջո մենք հասանք մի կետի, երբ անցակետում Ադրբեջանը նաև ադրբեջանցի բժիշկներ ներգրավեց և պայման դրեց Կարմիր Խաչի առջև, որ  Հայաստան մեկնող հիվանդները պետք է լրացուցիչ բուժզննության ենթարկվեն անցակետում։ Եթե անհրաժեշտ լինի, բուժզննությունը պետք է զուգորդվի մեր քաղաքացիների մերկացմամբ։ Այս ամենն արվում է, որպեսզի Կարմիր խաչի համար իր առաքելությունը դառնա անհնարին։ Այս պայմաններն ակնհայտորեն ուղղված են մեր քաղաքացիների արժանապատվությանը»,- ասել է պետնախարարը՝ հավելելով, որ այս պահին դադարեցված է հիվանդների տեղափոխումը և դեղորայքի մատակարարումը։

Добавить комментарий