Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության արտահանումը տարեսկզբից հասել է 4 միլիարդ դոլարի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի պաշտպանական արդյունաբերության ոլորտում արտահանման ծավալը հասել է ռեկորդային ծավալի՝ գերազանցելով 4 միլիարդ դոլարը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան մտադիր է մինչև տարեվերջ արտահանումը հասցնել 6 միլիարդ դոլարի։ Նրա խոսքով՝ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս պաշտպանական արդյունաբերության զարգացմանը՝ չնայած բազմաթիվ խոչընդոտներին, թաքնված ու բացահայտ էմբարգոյին։
Թուրքիայի նախագահը նշել է, որ իր երկիրն արդեն քաղում է հայրենական տեխնոլոգիաների զարգացման համար ներդրված ջանքերի պտուղները։ Նրա համոզմամբ՝ Թուրքիան վերջին տարիներին ահռելի հաջողությունների է հասել պաշտպանական արդյունաբերության ոլորտում, ինչին հիացմունքով է հետևում ողջ աշխարհը։
Վերջինս նաև հիշեցրել է, որ Թուրքիան անօդաչու թռչող սարքերի, այդ թվում՝ հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ աշխարհի երեք առաջատար երկրներից մեկն է։ «Թուրքիան այսօր ի վիճակի է ներքին ներուժի միջոցով բավարարելու ցամաքային, օդային և ծովային տրանսպորտային միջոցների իր գրեթե բոլոր կարիքները»,- ասել է նա։
#Դետքի_հետագծով
Թուրքիան վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձնում պաշտպանական արդյունաբերության զարգացմանը և այս հարցում նշանակալի հաջողություններ է արձանագրել։ Այս քաղաքականությունը պայմանավորված է Արևմուտքից ունեցած կախվածությունը վերացնելու ձգտմամբ, քանի որ երկրի արևմտյան դաշնակիցները Թուրքիայի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով պարբերաբար երկրին սպառազինություն վաճառելու էմբարգոներ են սահմանում։
Добавить комментарий