DETQ

Կայուն խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ միջազգային սահմանները չփոխվեն. Բաքվում Իրանի նախկին դեսպան

Բաքվում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաք-Այինը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար խաղաղություն կհաստատվի այն ժամանակ, երբ միջազգային սահմանները չփոփոխվեն։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

Իրանցի դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը։  Նրա խոսքով՝ խաղաղությունը կարող է կայուն լինել, եթե առաջին հերթին հարգվի երկրների տարածքային ամբողջականությունը։ 

«Այս պայմանով կնքված ցանկացած պայմանագիր կլինի մշտական​​համաձայնություն։ Երկրորդ հերթին չպետք է փոխվեն միջազգային սահմանները: Եթե ​​այս սահմանները փոխվեն, դա նոր հակամարտություններ կառաջացնի, և արդյունքում տարածաշրջանը կմնա անապահով»,- ասել է նա։ 

Մոհսեն Փաք-Այինը միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Իրանը տարածաշրջանում խաղաղության հաստատման համար արտատարածաշրջանային երկրների մասնակցությունն օգտակար չի համարում։ 

«Քանի որ նրանք շահեր ունեն և հաշվի առնելով, որ ձգտում են ապահովել այդ շահերը` կարող են ազդել խաղաղության գործընթացի վրա։ Ուստի մենք օգտակար չենք համարում ԱՄՆ-ի կամ Եվրամիության նման երկրների միջամտությունը կովկասյան հիմնախնդրին և անհանգստացած ենք, որ այդ միջամտությունները նոր անապահովություն կառաջացնեն»,- նշել է նա:

Բաքվում Իրանի նախկին դեսպանը հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը կապված է բացառապես երկու երկրների հետ։ Նրա խոսքով՝ եթե կողմերը բանակցեն այս շրջանակում, և խաղաղություն հաստատվի, ապա Թեհրանը նույնպես կաջակցի դրան։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու քաղաքականությանը։ Այս համատեքստում իրանական կողմը պնդում է, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես տարածաշրջանային երկրների մասնակցությամբ` որևէ կերպ թույլ չտալով, որ դրանցում ներգրավվեն արտատարածաշրջանային երկրները։ 

 

 

Добавить комментарий