Опубликовано H.Andreasyan -
Արցախ բեռ տանող շարասյունը դեռ սպասում է, Բաքուն հայտարարում է` խաղն ավարտված է. ՀՀ ԱԳ փոխնախարար

Արցախ բեռ տանող շարասյունը դեռ սպասում է, Բաքուն հայտարարում է` խաղն ավարտված է. ՀՀ ԱԳ փոխնախարար

Հայաստանից մարդասիրական բեռով շարասյունը դեռ սպասում է Լաչինի միջանցքով Արցախ (Լեռնային Ղարաբաղ - խմբ․) մուտք գործելուն։ Այս մասին «Թվիթերի» իր էջում գրել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

Նա նշել է, որ Ադրբեջանն այդպիսով անտեսում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտավորեցնող հրամանը՝ կապված Արցախ (ԼՂ - խմբ․) անարգել մուտք ապահովելու հետ։

«Բացի այդ, Բաքվից անմարդկային ու ցինիկ հայտարարություններ են հնչում, թե «խաղն ավարտված է»»,- գրել է Կոստանյանը։

Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության 361 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել է ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։

Добавить комментарий