Опубликовано H.Andreasyan -
Անհրաժեշտ է՝ միջազգային հանրությունը միասնական ճակատով հանդես գա. Վահան Կոստանյան

Անհրաժեշտ է՝ միջազգային հանրությունը միասնական ճակատով հանդես գա. Վահան Կոստանյան

Այս պահի դրությամբ որևէ դրական զարգացում, ցավոք սրտի, չկա: Մենք շարունակելու ենք իրազեկել մեր գործընկերներին տեղում իրավիճակի զարգացման մասին և շարունակելու ենք աշխատանքներ տանել, որպեսզի ի վերջո Ադրբեջանը կյանքի կոչի այն պարտավորությունները, որոնք միջազգայնորեն ստանձնել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

«Այս ուղղությամբ շատ կարևոր է մեր միջազգային գործընկերների հավելյալ ճնշումն Ադրբեջանի իշխանությունների վրա: Այս օրերի ընթացքում արդեն իսկ տեսանք որոշ հայտարարություններ տարբեր գործընկերների կողմից, բայց կարծում ենք, որ դա բավարար չէ, և անհրաժեշտ է, որ միասնական ճակատով միջազգային հանրությունը հանդես գա և հստակ ոչ միայն ազդակներ ուղղի Ադրբեջանի իշխանություններին, այլև անհրաժեշտության դեպքում քայլեր ձեռնարկի, որոնք թույլ կտան ապահովել Լաչինի միջանցքով հումանիտար բեռի և ընդհանրապես մարդկանց, բեռների և մեքենաների անխափան անցումը»,- նշել է նա:

Հարցին՝ եղե՞լ է նախաձեռնություն հայկական կողմից՝ անձամբ դիմելու ադրբեջանական կողմին Լաչինի միջանցքը բացելու և հումանիտար բեռն Արցախ տեղափոխելու մասով, Վահան Կոստանյանը պատասխանել է։ «Կարծում ենք, որ Ադրբեջանը պիտի իրականացնի իր պարտավորությունները, որոնք իրավաբանական պարտադիր ուժ են կրում, և նման նախաձեռնություն չի եղել,- ասել է նա՝ հավելելով,- այս ամիսների ընթացքում՝ դեկտեմբերից սկսած, բոլոր հանդիպումների ժամանակ մշտապես հայկական կողմը բարձրացրել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը»:

Վահան Կոստանյանը նաև տեղեկացրել է, որ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն ԱԳՆ-ի և ՀՀ Կառավարության հրավերով Սյունիքի մարզում են՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար:

Добавить комментарий