Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Իրանի ԱԳՆ-ն դատապարտում է Դամասկոսի արվարձանում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին խստորեն  դատապարտել է Դամասկոսի արվարձանում գտնվող Զեյնաբիա շրջանում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Քանաանին իր ցավակցությունն է հայտնել Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին, ինչպես նաև զոհերի ընտանիքներին։ «Մի իրավիճակում, երբ Սիրիայի անմեղ ժողովուրդը տառապում է ԱՄՆ-ի և արևմտյան որոշ երկրների դաժան պատժամիջոցներից, միջազգային հանրության ցավալի լռության ստվերում, սիոնիստական ​​ռեժիմը և ԱՄՆ-ի աջակցությունը վայելող ահաբեկչական խմբավորումները նման զազրելի հանցագործություններ են կատարում»,- ասել է նա:

Իրանցի պաշտոնյան նշել է, որ հաշվի առնելով ահաբեկչության դեմ Սիրիայի կառավարության և ժողովրդի երկարամյա պայքարը՝ միջազգային հանրությունն ու միջազգային կազմակերպությունները պետք է դատապարտեն երկրի դեմ կատարված ցանկացած հարձակում, այդ թվում՝ սիոնիստական ռեժիմի կողմից կատարվող ագրեսիվ հարձակումները։ Նրա խոսքով՝ ներկայումս անհրաժեշտ է անհապաղ արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ ամերիկյան ու արևմտյան միակողմանի և դաժան պատժամիջոցները վերացնելու և Սիրիա հումանիտար օգնություն ուղարկելու համար։

Հիշեցնենք, որ հինգշաբթի երեկոյան Դամասկոսի Զեյնաբիա շրջանում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել, ինչի հետևանքով 6 մարդ զոհվել է, ևս 23-ը՝ վիրավորվել։

#Դետքի_հետագծով

Իսրայելը սիրիական հակամարտության ողջ ընթացքում հարվածում է Սիրիայի տարածքին՝ հիմնականում ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա վերջինս սիրիական հակամարտության ողջ ընթացքում աջակցել է Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանմանը, ինչպես նաև խստորեն դատապարտում է նման հարձակումները։ 

 

 

Добавить комментарий