
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը կարծում է, որ Պաղեստինի հարցը կարող է լուծվել միայն օկուպացիայի ավարտով
ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է՝ Պաղեստինի հարցը կարող է լուծվել միայն օկուպացիայի ավարտով։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը հիմնված է այն համոզմունքի վրա, որ Պաղեստինի հարցը կարող է լուծվել միայն օկուպացիային վերջ դնելու և Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու ճանապարհով»,- ասել է նա:
Իրավանին ափսոսանք է հայտնել, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն իր լռությամբ անարդյունավետ է դարձրել կազմակերպության բանաձևերը և միայնակ է թողել Պաղեստինի ժողովրդին այս ռեժիմի հանցագործությունների առջև։ Նրա խոսքով՝ սիոնիստական ռեժիմն ավելի հանդուգն դարձավ և շարունակեց խախտել ՄԱԿ-ի, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի հաստատած բանաձևերը, քանի որ իր հանցագործությունների համար պատասխանատվության չի ենթարկվել։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հավելել է, որ այս շարունակական ագրեսիան ոչ միայն խախտում է պաղեստինցիների մարդու հիմնական իրավունքները, այլև խոչընդոտում է նրանց հասանելիությունը հիմնական ծառայություններին և երկրի տնտեսական զարգացումը: Նա ասել է, որ Գազայի շարունակական շրջափակումը հավաքական պատժի ձև է և ռազմական հանցագործությունների ու մարդկության դեմ ոճրագործության հստակ դրսևորում։
#Դետքի_հետագծով
Իրանական կողմը և իսլամական աշխարհի գերակշիռ մասն իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում աջակցում են Պաղեստինին, իսկ Իսրայելին համարում թշնամի և արհեստածին պետություն։ Այս համատեքստում Իրանը համագործակցում է Պաղեստինում գործող զինված կազմավորումների հետ, որոնք պայքարում են Իսրայելի դեմ։
Добавить комментарий