«Ազատություն Վագիֆ Խաչատրյանին». երիտասարդները փակել են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մուտքը
Հայաստանի տարբեր բուհերի տասնյակ ուսանողներ այսօր՝ հուլիսի 31-ին, վաղ առավոտից «Ազատություն Վագիֆ Խաչատրյանին» վանկարկումներով փակել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մուտքը:
«Մեր պահանջն է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ղեկավարի հետ հանդիպում, Ժնևում հրավիրեն մամուլի ասուլիս, բոլորին տեղյակ պահեն, որ իրենց անմիջական վերահսկողության տակից մարդ են գողացել, այլապես կստացվի` համաձայն են այն ամենի հետ, ինչ տեղի է ունեցել շաբաթ օրը»,- «NEWS.am»-ի հաղորդմամբ` ասել է ակցիայի մասնակիցը։
«Ո՞ւմ համար է ձեր մանդատը, եթե ոչ ցեղասպանվող ժողովրդի, սոված և առանց մանկության փոքրիկի, իր տարրական իրավունքներից զրկված և ընտանիքից հեռու երիտասարդների»,- ասել է ակցիայի մեկ այլ մասնակից՝ կոչ անելով ԿԽՄԿ աշխատակիցներին չռել, չլինել անտարբեր, ահազանգել այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում Արցախի Հանրապետությունում։
Հիշեցնենք, որ Արցախից Հայաստան տեղափոխվող բուժառուներից մեկին` 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը մեկնում էր Հայաստան վիրահատման, հուլիսի 29-ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
Добавить комментарий