Опубликовано detq-editor -
ryh5y5

Իրանի արտգործնախարարը կոչ է արել Թուրքիային դուրս բերել զորքերը Սիրիայից

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թեհրանում սիրիացի գործընկեր Ֆեյսալ Միկդադի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսի ժամանակ կոչ է արել Թուրքիային դուրս բերել զորքերը Սիրիայի տարածքից։

«Առաջարկվում է, որ Թուրքիայի զինված ուժերը լքեն Սիրիայի տարածքը և վերադառնան իրենց սահմանամերձ շրջաններ՝ ըստ ժամանակացույցի»,- ասել է իրանցի նախարարը։

Նրա խոսքով՝ «տրամաբանությունն այն է, որ Սիրիայից թուրքական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ ապահովվի ընդհանուր սահմանների անվտանգությունը, իսկ Իրանն ու Ռուսաստանը շարունակում են իրենց ջանքերը՝ որպես միջնորդներ և երաշխավորներ»։

«Մենք կարծում ենք, որ Սիրիայում օտարերկրյա պետությունների ուժերի ներկայությունը չի նպաստի այդ երկրի կայունությանն ու անվտանգությանը։ Մենք լավ հասկանում ենք Թուրքիայի մտահոգությունը Սիրիայի հետ սահմանների անվտանգության վերաբերյալ, սակայն կարծում ենք, որ ռազմական ներկայությունը Սիրիայում լուծում չէ»,- ասել է Աբդոլլահիանը։

Նա հավելել է, որ քառակողմ ձևաչափով (Ռուսաստան, Սիրիա, Թուրքիա և Իրան) հանդիպումները համարում են ամենահարմար դիվանագիտական ճանապարհը թուրք-սիրիական ընդհանուր սահմանին անվտանգության հաստատման և համաձայնեցման համար:

Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի սկիզբը դրվել է 2022 թվականի դեկտեմբերի 28-ին Մոսկվայում, երբ տեղի են ունեցել Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի ռազմական գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցությունները: Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ եռակողմ հանձնաժողով ստեղծելու մասին: Ավելի ուշ բանակցություններին միացել է Իրանը։

Մայիսի 10-ին Մոսկվայում ՌԴ-ի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի արտգործնախարարների քառակողմ հանդիպման արդյունքում որոշում է կայացվել տեղակալներին հանձնարարել պատրաստել Դամասկոսի և Անկարայի միջև հարաբերությունների զարգացման ճանապարհային քարտեզ: Աստանայի ձևաչափով Սիրիայի հարցով հունիսի 20-21-ը կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ճանապարհային քարտեզի նախագիծը: Փաստաթուղթը հետագա ձևակերպում է պահանջում:

 

 

Добавить комментарий