Դրանք եղել են իմ գործունեության հիմնական ուղղորդիչ փաստաթղթերը․ ես իրականացրել եմ․ Դավիթ Տոնոյան
Ի պաշտոնե իմ լիազորությունների շրջանակում ես իրագործել եմ պաշտպանական քաղաքականության իրականացումը, դա բովանդակային ձևակերպվում է մի քանի փաստաթղթով: Այս մասին ասել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ օգոստոսի 1-ին` ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ միջոցառումներ է ձեռնարկել պատերազմը կանխելու համար։
«Բայց այն փաստաթղթի վերաբերյալ, որի մասին կարող եմ խոսել, իմ պաշտոնավարման ընթացքում ընդունված Կառավարության երկու որոշումներն են 2018 թ․ և 2019 թ․: Ընդ որում՝ 2018 թ․ որոշումը կարելի է կոալիցիոն Կառավարության ծրագիր կոչել։ 2019 թ․ Կառավարության ծրագիրն ունի նաև միջոցառումների ցանկ, որը կարող եմ ներկայացնել: 2019-2023 թթ. Կառավարության ծրագիրն ունի Պաշտպանության նախարարությանը վերաբերող մաս»,- ներկայացրել է նա:
Դավիթ Տոնոյանն այդ մասից որոշ հատվածներ է մեջբերել. «Զսպման ուժերի և միջոցների զարգացում, զորքերի մարտական կարողությունների բարձրացում: Դա ներառում է՝ ավելացնել հրթիռային զորքերի և հրետանու կրակային և հարվածային հնարավորությունները, ԶՈՒ-ն համալրել բազմագործուն ավիացիոն համալիրներով: Դա «ՍՈՒ 30»-ների մասին է, որի վերաբերյալ անընդհատ հարցեր են առաջանում, և ԱԹՍ-ներով: Բարձրացնել օդային հարձակման միջոցների պաշտպանվածության մակարդակը և կատարելագործել վաղ հայտնաբերման համակարգը:
Բացի դրանից՝ գոյություն ունեն սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիր, ԶՈՒ զարգացման ծրագիր, մշակվող, վերամշակվող անընդհատ թարմացվող ՀՀ ԶՈՒ կիրառման պլանը և դրանից բխող փաստաթղթերի մեծ փաթեթ: Դրանք եղել են իմ՝ որպես պաշտպանության նախարարի գործունեության հիմնական ուղղորդիչ փաստաթղթերը, և իմ լիազորությունների շրջանակում ես դա իրականացրել եմ»,- ասել է ՊՆ նախկին նախարարը։
Добавить комментарий