Դավիթ Տոնոյանն իրատեսական չի համարել այն մոբիլիզացիոն հայեցակարգերը, որոնք ներդրվել էին ՀՀ ԶՈՒ-ն համալրելու և լրահամալրելու առումով
Զինված ուժերը կենդանի օրգանիզմ է։ Մենք, երբ 1992 թվականին ստեղծվեց զինված ուժերը, չենք եղել այն մակարդակում, որում եղել ենք 2020 թվականին, և եթե չունենայինք 2020 թվականի պատրաստվածության, հագեցվածության վիճակը, հնարավոր է՝ ԶՈՒ-ն Ադրբեջանի կողմից գործողությունների սկսման պարագայում հայտնվեր Ադրբեջանի արևելյան սահմաններին՝ Կասպից ծովի ափերին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին` ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին, ասել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
«Նորից կրկնում եմ՝ 2018 թվականի մայիսին, երբ ես ստանձնել եմ պաշտոնը, մեր գնահատականը եղել է այն, որ մենք կարող ենք դիմակայել Ադրբեջանի ագրեսիային ՀՀ սահմաններով, և ապահովեինք Արցախի ժողովրդի անվտանգությունը և ինքնորոշման իրավունքը՝ հաշվի առնելով նաև երկրի տնտեսական ու ժողովրդագրական տվյալները։ Մենք դա կարող էինք անել»,- հավելել է նախկին նախարարը։
Անդրադառնալով զորահավաքային (ՄՈԲ) ռեսուրսներին՝ Տոնոյանն իրատեսական չի համարել այն մոբիլիզացիոն հայեցակարգերը, որոնք ավտոմատ կերպով ներդրվել էին ՀՀ ԶՈՒ-ն համալրելու և լրահամալրելու առումով. «Ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ զորահավաքային այդպիսի մոտեցում Հայաստանն ի վիճակի չի անելու։ Այդ իսկ պատճառով նախապատրաստական փուլում մենք վերանայում էինք և ակտիվ պահեստազորի, ռեզերվի գաղափարն էինք ներդնում։ Մոբիլիզացիոն և ռեզերվային ուժերի ներգրավումը շատ արդիական է և անհրաժեշտ է այն երկրներում, որոնք ձևավորում են արհեստավարժ բանակ։ ՀՀ ԶՈՒ համալրումն իրականացվում էր նաև պարտադիր ժամկետային զինծառայողների միջոցով, որը բավականին մեծ թվաքանակ էր։ ՀՀ ժողովրդագրական և տնտեսական հնարավորություններն իրականում թույլ չէին տալիս զորահավաքի շրջանակում ներդաշնակված ու մարտունակ ստորաբաժանումներ ներգրավելու առումով։ Հետևակի ներգրավումը մարտական գործողություններին, կարծում եմ, 5-րդ, 4-րդ սերնդի պատերազմների պարագայում թերի էր այդ համակարգը»։
Добавить комментарий