15 զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է զորամասի հրամանատարի տեղակալը
Զինվորական կացարանում 15 զինծառայողների մահվան գործով ձերբակալվել է Պաշտպանության նախարարության զորամասի հրամանատարի տեղակալը։ Նա պատասխանատու է թիկունքի և կոմունալ շահագործման համար։ Բարձրաստիճան զինվորականի անունը չի հրապարակվում, հաղորդագրությունում միայն նրա անվան առաջին տառերն են՝ Գ.Ա։
Զինվորականը մեղադրվում է պաշտոնեական անփութության համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Քննչական կոմիտեի խոսնակի փոխանցմամբ՝ նրան արդեն մեղադրանք է ներկայացվել, և միջնորդություն՝ դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար։
Ըստ Դատախազության` Գ.Ա.-ն պատասխանատու լինելով զորամասում հակահրդեհային պաշտպանության կազմակերպման համար, իր պարտականությունները չի կատարել, չի ապահովել զորամասի ինժեներասակրավորային վաշտին հակահրդեհային պաշտպանության միջոցներով, արդյունքում՝ անզգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ:
Կառավարության նիստում գլխավոր դատախազն ասել է, թե այլ անձանց նկատմամբ նույնպես քրեական վարույթներ կհարուցվեն։ Թե ովքեր են այդ անձինք, Աննա Վարդապետյանն անուններ չի հնչեցրել. «Անձանց անունները չբացահայտելն ընդամենը նպատակ ունի ապահովելու այդ անձանց փախուստի բացառման հնարավորությունը»:
Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանն էլ հավելել է. «Բոլոր հարցաքննված վկաները, որոնք մինչ այս պահը հարցաքննվել են, վկայում են այն մասին, որ ի սկզբանե առաջ քաշված բենզինով վառարանը վառելու վարկածը հիմնավորվում է: Ասեմ ավելին՝ երկու օր առաջ օրապահը, ով անմիջականորեն ականատես է եղել դեպքին, ևս ցուցմունք է տվել և հիմնավորել է այդ վարկածը, այսինքն, ամեն ինչ շատ պարզ է, և այլ բաներ փնտրելու ակնկալիքները, կարծում եմ, այդքան էլ ազնիվ չեն»:
Добавить комментарий