Իրանի ԱԳ նախարարը նշել է՝ օտարերկրյա ռազմական ներկայությունը չի նպաստի տարածաշրջանի կայունությանը և անվտանգությանը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Իրանը կշարունակի իր ջանքերն ու աջակցությունը՝ տարածաշրջանում խաղաղության և կայուն անվտանգության հասնելու համար։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Աբդոլլահիանն ասել է Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Մեքդադի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Իրանի արտգործնախարարը դատապարտել է Սիրիայի տարածքի վրա սիոնիստական ռեժիմի կողմից պարբերաբար իրականացվող հարձակումները։ Նրա խոսքով՝ Իսրայելի ռեժիմն անկայունության հիմնական աղբյուրն է, քանի որ այս ռեժիմի արհեստական գոյատևումը պայմանավորված է տարածաշրջանում պատերազմ հրահրելով։
Աբդոլլահիանն ընդգծել է, որ տարածաշրջանի երկրներն անտարբեր չեն եղել և չեն լինելու սիոնիստական ռեժիմի տեղաշարժերի նկատմամբ, իսկ ռեժիմի կեղծ կառավարիչները հասկացել են, որ սիոնիստների ոչ մի գործողություն անպատասխան չի մնա։
Նա միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ օտարերկրյա ռազմական ներկայությունը չի նպաստի տարածաշրջանի կայունությանը և անվտանգությանը։
Սիրիայի արտաքին գործերի նախարարն իր հերթին նշել է, որ 2011 թվականից ի վեր շուրջ 400 հազար ահաբեկիչ մուտք է գործել Սիրիայի տարածք։
«Ամերիկացի զինվորները Դեյր Էլ-Զորի շրջանում սպանել են մեծ թվով սիրիացիների: Թուրքական բանակն օկուպացրել է նաև Սիրիայի մի հատվածը։ Օտարերկրյա ուժերը պետք է լքեն Սիրիայի տարածքը»,- եզրափակել է նա:
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետությունը լուրջ ջանքեր է գործադրում ոչ միայն Սիրիայում քաղաքական կայունության հաստատման, այլև երկրի զինված ուժերի մարտունակության բարձրացման ուղղությամբ։ Սա բխում է նաև Իրանի շահերից, քանի որ նախորդ մեկ տասնամյակում Սիրիայի տարածքում ԱՄՆ-ի և վերջինիս դաշնակից պետությունների կողմից պրոքսի պատերազմ է մղվել նաև Իրանի դեմ, որը, արդեն կարող ենք փաստել, ձախողվել է։
Добавить комментарий