Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքու-Ստեփանակերտ հնարավոր երկխոսության մեկնարկի մասին լուրերը
Արցախի ԱԳՆ-ն, ընդունելով Ստեփանակերտ-Բաքու հնարավոր երկխոսության մեկնարկի շուրջ ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում հանրային հետաքրքրության կարևորությունը, միևնույն ժամանակ նպատակահարմար չի համարում մեկնաբանություններ անել ոչ իր պատճառով չկայացած առանձին հանդիպումների վերաբերյալ։ Այս մասին նշել են Արցախի արտաքին գործերի նախարարությունից՝ ի պատասխան Արցախի Հանրապետության և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հնարավոր հանդիպման մասին հայկական տեղեկատվական դաշտում տարածվող լուրերի վերաբերյալ «Արմենպրեսի» հարցին:
«Կցանկանայինք հատուկ ընդգծել, որ Արցախի Հանրապետության իշխանությունները միշտ պատրաստ են քննարկել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպումների կազմակերպման վերաբերյալ ողջամիտ առաջարկներ: Ավելին՝ արցախյան կողմը, իր հերթին, պարբերաբար հանդես է գալիս միջնորդների մասնակցությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպումների կազմակերպման նախաձեռնություններով և առաջարկներով»,- նշված է մեկնաբանության մեջ:
Միևնույն ժամանակ գերատեսչությունից համոզմունք են հայտնել, որ երկխոսության հաջողությունը կախված է իրենց տարաձայնությունները կարգավորելու հարցում երկու կողմերի իրական շահագրգռվածությունից և բարեխիղճ մոտեցումից․ «Մեր կողմից նման շահագրգռվածությունն առկա է։ Եթե ադրբեջանական կողմը ևս այդպիսի պատրաստակամություն դրսևորի, դա թույլ կտա ուղի հարթել երկխոսության մեկնարկի համար»:
«Այս համատեքստում կրկին ընդգծում ենք, որ Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսությունը պետք է տեղի ունենա համապատասխան մանդատով օժտված միջազգային համաձայնեցված ձևաչափով»,- նշել են ԱԳՆ-ից՝ հավելելով, որ նման մոտեցումը թույլ կտա միջազգային հանրությանն առավել ակտիվ ներգրավել բանակցային գործընթացում, ամրապնդել դրա լեգիտիմությունն ու կայունությունը, ինչպես նաև ապահովել կողմերի միջև հնարավոր պայմանավորվածությունների իրականացման հուսալի երաշխիքներ։
Добавить комментарий