Տպավորություն է՝ Ադրբեջանը մտադիր է խաղաղության պայմանագիր ստորագրել, հետո տարածքային պահանջներ առաջադրել ՀՀ-ին. Փաշինյան
ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի պայմաններում ԼՂ ժողովրդին աջակցության ՀՀ կառավարական աշխատանքային խմբի որոշմամբ՝ նախորդ շաբաթ ԼՂ ուղարկված 361 տոննա հումանիտար օգնությունը շարունակում է գտնվել ՀՀ Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայրի հատվածում՝ Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որովհետև Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, ապօրինաբար արգելափակում է այդ հումանիտար բեռների մուտքը ԼՂ։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 3-ին՝ Կառավարության նիստին:
Նա հիշեցրել է, որ Հայաստանի Կառավարությունը ԼՂ մարդասիրական բեռներ ուղարկելու որոշում կայացրեց այն բանից հետո, երբ ԿԽՄԿ-ն հայտարարեց իր կողմից ԼՂ հումանիտար բեռներ տեղափոխելու անհնարինության մասին, քանի որ Ադրբեջանն ապօրինաբար խոչընդոտում է նաև այդ ջանքերը։
«Ադրբեջանը համառորեն շարունակում է պնդել, թե Լաչինի միջանցքի փակման պատճառներից մեկը հունիսի 15-ին, ինչպես ինքն է ձևակերպում, հայկական կողմի ռազմական սադրանքն է։ Հիշեցնեմ՝ այդ օրն Ադրբեջանը փորձել էր դրոշ տեղադրել Հակարիի կամրջի եզրին՝ ՀՀ տարածքում՝ արժանանալով Հայաստանի սահմանապահ զորքերի օրինական հակազդեցությանը։
Հենց Ադրբեջանի վերը նշված գործողությունն է սադրանքը, առավել ևս այն պայմաններում, երբ երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքները դեռ մեկնարկի փուլում են։ Տարբեր տեղերում ինքնակամ և հաճախ ուժի գործադրմամբ դրոշներ դնելու Ադրբեջանի գործելակերպը սահմանազատման և ընդհանրապես խաղաղ գործընթացը վիժեցնելու գործողության է նման։ Նախորդ օրը սա երևաց նաև Ադրբեջանի նախագահի՝ «Եվրանյուզին» տված հարցազրույցում»,- նշել է Փաշինյանը։
«Հայտարարելով, թե իբր Ադրբեջանը Հայաստանից տարածքային պահանջներ չունի, Ադրբեջանի նախագահն ասում է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն։
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշվել են 1991 թ․ Ալմաթիի հռչակագրով, և դա վերահաստատվել է 2022 թ․ հոկտեմբերի 6-ի Պրագայի քառակողմ հանդիպման արդյունքներով, որտեղ Ալմաթիի հռչակագիրն ընդունվել է որպես երկու երկրիների միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման հիմք։
Տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի ծրագիրը հետևյալն է․ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ալմաթիի հռչակագրով ամրագրված սահմանը վիճարկելու տեղ թողնող դրույթներով խաղաղության պայմանագիր ստորագրել և հետագայում արդեն սահմանազատման ու սահմանագծման գործընթացում տարածքային պահանջներ առաջադրել ՀՀ-ին»,- հայտարարել է վարչապետը։
Добавить комментарий